Դեսպան Սարգսյանը հանդիպել է Բուլղարիա-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի հետ
Հոկտեմբերի 11-ին Բուլղարիայի խորհրդարանի շենքում տեղի ունեցավ Բուլղարիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանի հանդիպումը Բուլղարիա-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի նորընտիր կազմի հետ: Հանդիպմանը կողմերը քննարկում ծավալեցին միջխորհրդարանական կապերի ամրապնդման, երկու երկրների բարեկամանական խմբերի միջև համագործակցության խթանման, երկկողմ քաղաքական և սոցիալ-տնտեսական հարաբերություններում խորհրդարանների և պատգամավորական խմբերի, որպես հանրային դիվանագիտության օղակների կառուցողական դերակատարության, ինչպես նաև Բուլղարիա-Հայաստան ավանդական բարեկամական հարաբերություններում բուլղարահայ համայնքի առավել ակտիվ մասնակցության հետ կապված հարցերի շուրջ:
Հանդիպմանն անդրադարձ կատարվեց երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերություններին: Հաշվի առնելով ապրանքաշրջանառության ծավալների ցածր մակարդակը` կողմերը պատրաստակամություն հայտնեցին ջանքեր գործադրել առևտրատնտեսական համագործակցության խթանման ուղղությամբ` օգտագործելով երկու երկրներում առկա ներուժը:
Այդ համատեքստում զրուցակիցներն ընդգծեցին բուլղարահայ համայնքի կառուցողական դերն ու ազգային փոքրամասնությունների նկատմամբ Բուլղարիայի կառավարության կողմից ցուցաբերվող բազմակողմանի աջակցությունը: Կողմերը կարևորեցին նաև ԲՀ-ՀՀ պատգամավորական խմբի և հայ համայնքի միջև ավանդական բարեկամական կապերի հետագա զարգացումն ու այդ գործում ՀՀ դեսպանության ակտիվ ներգրավվածությունը: