Ո՞ւմ է ՀՀԿ-ն սատարելու Վարդենիսում
Armlur.am-ը գրում է.ինչպես հայտնի է՝ նոյեմբերի 5-ին ՀՀ մի շարք մարզերում տեղի են ունենալու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Իշխող ՀՀԿ-ն թեկնածուներ ունի գրեթե բոլոր վայրերում և պաշտպանելու է կոնկրետ անձանց:
Սակայն ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշել էր, թե Գեղարքունիքի մարզի խոշորացված Վարդենիս համայնքում ՀՀԿ-ն որեւէ մեկին չի սատարելու և դաշտը թողնելու է ազատ՝ ում ժողովուրդը կընտրի սկզբունքով: Չնայած դրան՝ Վարդենիսի գործող քաղաքապետ, ՀՀԿ Վարդենիսի կառույցի ղեկավար Վոլոդյա Խլոյանը շրջանային կառույցի նիստ է արել եւ իրեն առաջադրել՝ որպես ՀՀԿ թեկնածու: Թեև Թադևոսյանը մեզ հետ զրույցում վստահեցրել էր, որ հարցը համապատասխան արձագանք կստանա, սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հրապարակված ցանկում գրված է, որ Խլոյանն առաջադրվել է հենց ՀՀԿ-ի կողմից:
Ի վերջո, ո՞ւմ է ՀՀԿ-ն սատարելու Վարդենիսում. հարցին ի պատասխան՝ Ռ. Թադեւոսյանը նշեց. «…Այդ առումով ոչինչ չի փոխվել: Եւս մեկ անգամ ես վերահաստատում եմ, որ Վարդենիս համայնքում որոշել ենք ազատ մրցակցություն ապահովել: Խորհուրդ եմ տալիս համբերել. Խլոյանի արարքի շուրջ համապատասխան արձագանքը կհրապարակվի»: