Արա, դե ձայնդ կտրի, ինչ զզվելի մարդ ես, էս ի՞նչ մեր ա բերել. Իգիթյանը՝ «Երկիր ծիրանի»-ի անդամին
Հոկտեմբերի 11-ին գումարած Երևանի ավագանու արտահերթ նիստում, որը վարում էր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Երևան քաղաքի 2799-րդ տարեդարձի առթիվ ավագանին քննարկել և հաստատել էր ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Մովսես Խորենացու մեդալակիր, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանակիր, Երևանի պատվավոր քաղաքացի, պատվո շքանշանակիր Ռուբեն Մաթևոսյանին անհատույց սեփականության իրավունքով բնակարան տրամադրելու մասին որոշման նախագիծը: Վերջինը ընտանիքի հետ մեկսենյականոց բնակարանում էր ապրում:
«Երկիր ծիրանի»-ի անդամը հետաքրքվեց, թե ի՞նչ սկզբունքով է պարոն Մաթևոսյանը ընտրվել, չէ՞ որ անտուն ու պատվավոր մարդիկ շատ են, ովքեր բնակարաններ չունեն: Ավելին, ինչո՞ւ շուտ չէին մտածել Ռուբեն Մաթևոսյանին բնակարան հատկացնելու մասին:
ՀՀԿ-ական Աստղիկ Գևորգյանը զայրացավ հարցերից.
«Արդեն մոռանում եմ, որ ավագանու նիստում եմ: Լռելը ոսկի է, եթե լռեիք՝ չէինք իմանա, որ այդ մակարդակն ունեք»,-խոսքն ուղղելով «Երկիր ծիրանի»-ի անդամին՝ ասաց Աստղիկ Գևորգյանը:
«Իմ մակարդակը բարձր է,-պատասխանեց ավագանու ընդդիմադիր անդամը:
«Արա, դե ձայնդ կտրի»,-տեղից ասաց Լևոն Իգիթյանը, ապա ոտքի կանգնեց, ու թե՝ « Ինչ զզվելի մարդ ես, էս ի՞նչ մեր ա բերել»:
Երևանի ավագանու մեկ այլ որոշմամբ, Երևան քաղաքի 2799-րդ տարեդարձի առթիվ, անհատույց սեփականության իրավունքով բնակարան տրամադրվեց նաև կինոյի և թատրոնի դերասան, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանին, ով վարձով է բնակվում:
«Երկիր ծիրանի»-ի մեկ այլ անդամ ասաց, թե վերը նշված անձինք, իր կարծիքով, ի վիճակի են բնակարաններ գնել, ծայրահեղ դեպքում՝ վարձակալել: Ինչո՞ւ են նրանց տրամադրում և ոչ նահատակված զինվորի որբացած զավակին:
Հիմնական զեկուցողն ասաց, որ Քաղաքապետարանն այդ հարցերով էլ է զբաղվում: