«Էս ո՞վ ա արա», «տեղդ վեր ընկիր», «բոզ». Երևանի ավագանու նիստում ՀՀԿ-ակաները կրկին «փայլեցին»
Երևանի ավագանու նիստում այսօր՝ հոկտեմբերի 11-ին, կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանին հաղորդավարուհի Նառա Շլեփչյանին, գրող Ռազմիկ Դավոյանին և ՎիվաՍելլ ընկերության տնօրեն Ռալֆ Յիրիկյանին Երևանի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու գործընթացը վերածվեց իսկական բանավեճի եւ փոխադարձ վիրավորանքների տարափի։
«Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանը իր ելույթում նշեց, որ այս 4 անձինք Երևանի համար ոչինչ չեն արել, նրանք լռել են այն ընթացքում, երբ Տարոն Մարգարյանն ու իր թիմը զբաղված էին Երևանը քանդելով։ Եվ այդ պատճառով էլ Տարոն Մարգարյանը որոշել է նրանց Երևանի պատվավոր քաղաքացու կոչում շնորհել։
Մարինա Խաչատրյանի այս ելույթին պատասխանեց ավագանու Հանրապետական խմբակցության անդամ Աստղիկ Գևորգյանը՝ նշելով, որ Երևանի ավագանու նիստերը վերածվել են իսկական միտինգի, և տկար ուղեղներով մարդիկ այնպիսի մարդկանց մասին են արհամարհանքով խոսում, որոնք Հայաստանի և հայ ժողովրդի համար մեծ գործ են արել։ Հանրապետական խմբակցության անդամ Արմեն Սահակյանն էլ Մարինա Խաչատրյանին դիմեց. «Էս ո՞վ ա արա»։ Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանն էլ, երբ Մարինա Խաչատրյանը Տարոն Մարգարյանին մեղադրում էր Երևանը քանդելու մեջ, չդիմացավ և բղավեց՝ «տեղդ վե՛ր ընկիր»:
Լևոն Իգիթյանը տեղից ավելացրեց. «Բոզ»։