Հայաստանում կարտադրվեն «Կամազ»-ի բեռնատարներ
Ռուսական ավոտմեքենաշինության հսկա «Կամազ» ընկերությունը բեռնատարներ կարտադրի Հայաստանում: Այդ մասին հայտարարել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Հովհաննես Ազիզյանը:
Ընկերությունը մտադիր է ՀՀ ազատ տնտեսական գոտում բեռնատարների հավաքման արտադրություն սկսել «Կամազի» հիմքի վրա և արտահանել արտադրանքը երրորդ երկրներ, հայտնում է ԱՌԿԱ-ն:
«Դա կլինի հայկական ընկերություն, որը համագործակցելով «Կամազի» և ամերիկյան մի ընկերության հետ, արտադրանք կտա, ինչը թույլ կտա ձեռնարկություն ստեղծել և արտահանում կազմակերպել»,-ասել է Ազիզյանը:
Ըստ փոխնախարարի, կա նման արտադրություն հիմնելու պատրաստակամություն և կան շուկաներ, որոնց հայկական կողմը կարող է առաջարկել արտադրանքը:
Նա հավելել է, որ համապատասխան որոշումը կառավարությունը կընդունի այս շաբաթ: