Վանաձոր-Ալավերդի ճանապարհի հիմնանորոգումը կշարունակվի, քանի դեռ եղանակային պայմանները թույլ են տալիս. Վահան Մարտիրոսյան
Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահմանի (Մ-6) 90 կմ երկարությամբ միջպետական նշանակության ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են և կշարունակվեն, քանի դեռ եղանակային պայմանները թույլ են տալիս:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն այցելել է շինհրապարակ: Հիմնանորոգվող Վանաձոր-Ալավերդի ճանապարհը բաժանված է 3 պայմանական հատվածների, յուրաքանչյուրում աշխատում է առանձին ճանապարհաշինական ընկերություն կամ երկուսը` համատեղ պայմանագրով: Բոլոր 3 հատվածներում շինարարությունը մեկնարկել է նախորդ տարվա սեպտեմբերին:
Բարձրաձայնված տեխնիկական խնդիրները լսելուց հետո, նախարարը հանձնարարեց բոլոր պայմաններն ի մի բերել փաստաթղթում և հնարավորին կարճ ժամկետում ավարտել խողովակաշարի վերատեղադրման աշխատանքները` բնակիչներին պատճառվող անհարմարությունը հասցնելով նվազագույնի: Ինչ վերաբերում է բուն ճանապարհին, ապա այս հատվածում ներկայում համահարթեցվում է հողային պաստառը, կառուցվում են կողնակները և կողային առուներ, տեղադրվում են ճանապարհային պատվածքի հիմքի շերտերը, վերականգնվում է ջրահեռացման համակարգը:
Այս պահին ասֆալտապատումն ու անվտանգության էլեմենտների տեղադրումն ավարտված է Վանաձոր քաղաքին հարող շուրջ 7 կմ երկարությամբ ճանապարհահատվածում:
32-րդ կմ-ում հին կամրջի փոխարեն կառուցվել է նորը: Ներկայումս ընթանում են կամուրջների վերակառուցման աշխատանքներ: Նաև վերակառուցվում են թունելների ճակատային մասերը, մերձթունելային հրապարակն ու պատերը:
Բոլոր երեք հատվածներում ճանապարհաշինարարները հավաստիացրին, որ շինարարությունը բնականոն հունով շարունակվում է, վերջին օրերին տեղացող անձրևներից հետո օդերևութաբանները արևոտ եղանակ են խոստացել: Հիմքի շերտը չորանալուց հետո ասֆալտապատումը կշարունակվի: Տասնամյակներ շարունակ հիմնանորոգման կարիք ունեցող այս ճանապարհը պատրաստ կլինի 2018թ.-ին, և բնակիչներին պատճառվող անհարմարությունը կփոխհատուցվի հարմարավետ և նորոգ ավտոճանապարհով: