Սամվել Ալեքսանյանն աշխատողներից ճաշելու համար կրճատել է աշխատավարձի 40 տոկոսը
Newspress.am-ը գրում է. Սամվել Ալեքսանյանին պատկանող «Աստղիկ» բ/կ-ում կարծես ֆինանսական ճգնաժամ է սկսվել, ու ամեն կերպ բուժհիմնարկի տնօրինությունը փորձում է գումարներ հայթայթելու ճանապարհներ փնտրել:
Կայքի տեղեկություններով՝ օրերս պետպատվերով հեմոդիալիզ ստացող քաղաքացիներին «Աստղիկ» ԲԿ-ի տնօրինությունը զգուշացրել է, թե «անվճար սպասարկումն ավարտվեց. դիալիզի համար պետք է վճարել»:
Ծառայությունից օգտվողները մեծ աղմուկ էին բարձրացրել և բողոքի ակցիա կազմակերպել, քանի որ նրանց ասել էին, թե իբր կառավարությունը դադարեցնում է ֆինանսավորումը: Կառավարությունից, սակայն, շատ արագ այդ մասին լուրը հերքեցին: Վերևներում չգիտեին, թե ինչից է «Աստղիկ» բ/կ-ն վերցրել, որ պետությունն այլևս չի վճարելու դիալիզի համար: Ամեն դեպքում, կառավարության հարցմանն ի պատասխան՝ «Աստղիկ» բ/կ-ի գլխավոր տնօրեն Ասատուր Ասատրյանը հերքել էր, թե ինքը նման հայտարարություն չի արել:
Դրանից շատ չանցած՝ կայքի աղբյուրները տեղեկացրել են, որ «Աստղիկ» բ/կ-ի տնօրինությունը հիմա էլ որոշել է Հեմոդիալիզի ծառայության աշխատակիցների աշխատավարձերը պահել:
Բանն այն է, որ մեզ հասած տվյալներով՝ տնօրինությունը կասկածել է, որ բուժաշխատողները համարձակություն են ունեցել 8-ժամյա աշխատանքի ընթացքում ճաշել:
Պետք է նկատենք, որ «Աստղիկ» բ/կ-ում գործող Հեմոդիալիզի ծառայությունն սպասարկում է Հանրապետության մասշտաբով ամենամեծ թվով հիվանդներին՝ ավելի քան 200 հիվանդ: Հիվանդներին ժամանակին սպասարկելու և խնդիրներ չառաջացնելու նպատակով բուժաշխատողների համար, ինչպես բոլոր նորմալ բուժհիմնարկներում, սահմանվել է հերթափոխ: Յուրաքանչյուր հերթափոխ, սակայն, իրենից ենթադրում է ոչ պակաս, քան 8 ժամ աշխատանք: Այդ ընթացքում մասնավորապես Հեմոդիալիզի բուժաշխատողներն անընդհատ պետք է լինեն հիվանդների կողքին, քանի որ ամեն պահի հնարավոր է հիվանդի առողջական վիճակի վատացում:
Մի խոսքով՝ ղեկավարությունը նրանց մի կողմից արգելում է բացակայել հիվանդի կողքից, մյուս կողմից՝ պարտադրում, որ ճաշեն բուֆետում:
Կայքի տեղեկություններով՝ հիվանդանոցի բուֆետում ճաշելու համար` մոտ մեկ ժամ է հարկավոր (մինչև հերթը կհասնի, սնունդ կստանան և կճաշեն): Սա արդեն նշանակում է, որ բուժաշխատողը երկար ժամանակով բացակայեց բաժանմունքից: Հավանաբար, արագ սնվելու համար, բուժաշխատողները ճաշել են հենց հիվանդասենյակում, որպեսզի հասցնեն աշխատել:
Կայքի տեղեկություններով՝ տնօրինությունը մտնելով սենյակ՝ «ճաշի հոտ է առել» և վերջնականապես բուժաշխատողների ճաշելու հարցը կանոնակարգելու փոխարեն՝ որոշել է պատժել ողջ անձնակազմին, ասել է թե՝ բոլոր հերթափոխերի աշխատողներին:
Հեմոդիալիզի՝ ավելի քան 30 բուժաշխատող իրենց պատիժը կկրեն գումարի տեսքով՝ աշխատավարձի 40 տոկոս կրճատում:
Մանրամասները՝ այստեղ.