Քանի՞ սխալ կարելի է անել 3 րոպեում. է՜հ, ականջդ կանչի, Արամ Մանուկյան
Lurer.com-ը գրում է. Այսօր Ազգային ժողովում քննարկվում է «Ազգաբնակչության էկոլոգիական կրթության և դաստիարակության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը, որի ժամանակ ուշագրավ ելույթ ունեցավ նախագծի հարակից զեկուցող, ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը:
Նախկին ուսուցչուհի, ներկայիս պատգամավոր տիկին Մուրադյանի ելույթն, ինչպես վերը նշեցինք, ուշագրավ էր, և դա՝ հատկապես ելույթի ընթացքում նրա հնչեցրած մեկ տասնյակի հասնող լեզվա-ոճական սխալներով, որոնցից մի քանիսը ներկայացնում ենք ստորև.
Մասնավորապես, տիկին Մուրադյանը ԱԺ ամբիոնից խոսում է էկոլոգիական գրագիտության մասին՝ օգտագործելով այսպիսի սխալ ձևակերպումներ.
Կարևոր է ուշադրություն դարձնել էկոլոգիական կրթության մակարդակի վրա (վրան այստեղ ավելորդ է՝ մակարդակին):
Նույն մածեմածիկայի խնդիրը լուծելիս էլ կարելի է ընտրել էկոլոգիական թեմա (ճիշտը՝ մաթեմատիկան է):
Ինչ-որ տեղ թուղթը գցելը, ճյուղը կոտրելը՝ չի խոսում այդ պահին մեր ստացած վնասից, այլ խոսում է մեր սերունդների, ազգաբնակչության, բոլորի վտանգների, վնասների մասին է խոսքը: (Անկեղծ ասած՝ չհասկացանք այս նախադասության իմաստը):
Չի կարող անտարբեր մնալ այս երևույթին (ոչ թե երևույթին, այլ՝ երևույթի հանդեպ):
Հասկանանք հետևանքների մասին (ոչ թե հետևանքների մասին, այլ՝ հետևանքները):
Դաստիարակության մակարդակի ուշադրության կենտրոնում փորձենք պահել Էկոլոգիական կրթության և դաստիարակության հարցը (Ինչ-որ խուճուճ նախադասություն, որտեղ դաստիարակություն ասելու փոխարեն դաստիրակություն է ասում):
Եվ սրանք Ռուզաննա Մուրադյանի՝ ընդամենը 3 րոպեանոց ելույթում թույլ տված սխալների մի մասն են միայն:
Թերևս պատգամավորի այս ելույթից կարելի է հանգել մեկ պարզ ճշմարտության. սկսել է պետք մեզանից, ու բացի էկոլոգիական դաստիարակությունից, լրջորեն զբաղվել նաև մայրենիի ուսուցմամբ:
Հ.Գ. Է՜հ, ականջդ կանչի, Արամ Մանուկյան: