Ցանկացած խորհրդարան ապահովագրված չէ նման դեպքերից. Գագիկ Մելիքյանը՝ Արտաշես Գեղամյան-Նիկոլ Փաշինյան ծեծկռտուքի մասին
Իշխող «Հայաստանի հանրապետական կուսակցությունը» կքննարկի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի և Արտաշես Գեղամյանի միջև տեղի ունեցած միջադեպը: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը:
Լրագրողների այն հարցին՝ չե՞ք դատապարտում տեղի ունեցածը, նա պատասխանեց. «Խմբակցությունն այս երևույթը կքննարկի, ես ասացի, որ դա անընդունելի է»:
Վերջինս նշեց, որ ինքը խոսել է Նիկոլ Փաշինյանի հետ, լսել նրա տեսակետը, բայց դեռ եզրակացություններ անել չի կարող:
«Ես ականատես չեմ եղել, չեմ տեսել, չգիտեմ, թե ինչ է կատարվել: Ես պարզապես խոսել եմ Նիկոլ Փաշինյանի հետ: Փորձել եմ պարզել, թե ինչ է կատարվել: Երևույթն, իհարկե, անընդունելի է, բայց եկեք ընդունենք, որ ցանկացած խորհրդարան ապահովագրված չէ նման դեպքերից: Երբ կլսենք երկուսին էլ, կհասկանանք, թե ինչ է կատարվել, համապատասխան արձագանք կտանք»,- ասաց Գագիկ Մելիքյանը:
Նա կրկնեց, որ աշխարհի որևէ խորհրդարան զերծ չէ, ապահովագրված չէ նման իրավիճակներից: «Քննարկումների ընթացքում նման երևույթներ լինում են»,- ասաց խմբակցության քարտուղարը:
Գագիկ Մելիքյանը դժվարացավ ասել՝ տեղի ունեցածը հետևանքներ կունենա, թե ոչ։
Հարցին՝ փաստորեն արդարացնո՞ւմ եք տեղի ունեցածը, նա չհամաձայնեց, ասաց, որ սա արդարացում չէ, փաստի արձանագրում է և նման երևույթները աշխարհի ցանկացած խորհրդարաններում բացառված չեն: