Վթարի ենթարկված հնդիկ ուսանողներից մեկը դեռ անգիտակից վիճակում է
Արարատի մարզում հոկտեմբերի 1-ին վթարի ենթարկված հնդիկ ուսանողներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում այսօր՝ հոկտեմբերի 2-ին, հայտնել է «Էրեբունի» բժշկական կենտրոնի տնօրեն Միքայել Մանուկյանը։
Նրա փոխանցմամբ՝ խմբից ամենածանր վնասվածքները ստացել է մի ուսանողուհի, որը անգիտակից վիճակում է։
«Տղաները հիվանդասենյակում են, որից մեկը տուն կգնա այսօր հավանաբար: Տարբեր աստիճանների սալջարդ ունեն, աղջիկները վերակենդանացման բաժանմունքում են, մեկի մոտ ողնաշարի ելունների կոտրվածք և թոքի սալջարդ, միջին ծանրության է, դրական դինամիկայով, գիտակից է։ Մյուս ուսանողուհին անգիտակից է, գլխուղեղի ծանր վնասվածք ունի, թոքերի սալջարդ ծանր աստիճանի, կոնքի կոտրվածք»,-մանրամասնեց Միքայել Մանուկյանը։
Հիշեցնենք, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 78-րդ կմ հատվածում Nissa Teana մակնիշի 001 VV 24 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դեպի Ջերմուկ ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց և մոտ 100 մետր մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում։ Վթարի հետեւանքով վիրավորվածները 18–20 տարեկան աղջիկներ ու տղաներ են։ Նրանք սովորում են Հերացու անվան բժշկական համալսարանում։