Կատալոնացիներն ընդունում են, որ Արցախի պայքարն օրինակ է ծառայելու իրենց համար. Մենք նրանց կողքին ենք. Բարսելոնայի հայեր
Իսպանական Կատալոնիայում անկախության հանրաքվեն անցնում չափազանց լարված մթնոլորտում։ Պարբերաբար քաղաքում բախումներ են լինում Կատալոնիայի բնակիչների եւ ոստիկանների միջև։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Բարսելոնայի հայկական մշակութային միության ատենապետ Տաթեւ Սուլյանը։
Հարցին, թե ինչպես է անցնում հանրաքվեն, ինչ տրամադրություններ են տիրում քաղաքում, նա պատասխանեց. «Հանրաքվեի անցկացնումը, համաձայն Իսպանիայի Սահմանադրության, անօրինական է, սակայն կատալոնացիները համաձայն ազգերի ինքնորոշման իրավունքի, ցանկանում են ժողովրդավարական ճանապարհով իրենց պետությունը կերտել։ Այստեղ բնակչությունը ընդհանրապես կողմ է հանրաքվեի անցկացման եւ անկախությանը։ Կատալոնիայում լարված իրավիճակ է, Իսպանիայի ոստիկանական ուժերը հատուկ հրամանով ժամանել են Կատալոնիա՝ կանխելու համար կատալոնացիների կամքի արտահայտումը։ Վերջին օրերին եղան ձեռբակալություններ, իսկ այսօր արդեն գրանցվել են բախումներ»
Սուլյանը վստահություն հայտնեց, որ հանրաքվեի արդյունքները անկասկած կլինեն անկախության օգտին։ Նա տեղեկացրեց, որ անցնող օրերին Իսպանիայի իշխանությունները ձերբակալել են Կատալոնիայի ինքնավար մարզի որոշ ղեկավարների, կատալոնական ապահովական ուժերի ներկայացուցիչների. «Նաև Իսպանիայի իշխանությունը ձեռքը դրեց Կատալոնիայի ֆինանսական և հարկային դաշտի վրա՝ որը համաձայն իսպանական օրենքի Կատալոնիայի ինքնավար մարզի տնօրինման ենթակա է։ Իսպանական կառավարությունը հատուկ հսկողություն է սահմանել նաև կապի և հաղորդակցության վրա՝ փակելով հանրաքվեի և առհասարակ անկախության կողմնակից ՀԿ-ների, քաղաքական հիմնարկների և լրատվամիջցների կայքերը։
Սպասվում են լարված օրեր, բողոքի հավաքները շարունակվելու են, լինում են եւ կլինեն որոշ բախումներ ինչպես նաեւ մարդիկ փողոց դուրս կգան։ Կատալոնիայի ինքնավար մարզի ղեկավարությունը և ժողովրդի մեծամասնությունը կողմ է, հաստակամ է և իր պայքարը շարունակելու է, մի պայքար որ սկսվել է տարիներ առաջ»։
Մանրամասները՝ այստեղ.