Պարտավոր ենք մեր մոտեցումները ընդհանուր հայտարարի բերել. Արման Սաղաթելյանը՝ հիբրիդային հակամարտության հարցում ՀԱՊԿ երկիրների քայլերի մասին
Այսօր՝ սեպտեմբերի 30-ին‚ «Արդի պայմաններում հիբրիդային պատերազմներին հավաքական անվտանգության համակարգի արդյունավետ հակազդման խնդիրները» թեմայով միջխորհրդարանական լսումների շրջանակում պատգամավոր Արման Սաղաթելյանը կարծիք հայտնեց‚ որ ՀԱՊԿ շրջանակում փոխգործակցող երկրները հիբրիդային հակամարտության ոլորտում առկա մարտահրավերները կառավարելու համար պետք է ունենան միասնական պատկերացումներ և մեթոդաբանություն
«Ղարաբաղյան հակամարտության մեջ հիբրիդային կոմպոնենտը միշտ է եղել: Իհարկե, ի սկզբանե գերակշռել է ռազմական կոմպոնենտը, սակայն 1994 թվականից ի վեր՝ մենք անընդհատ գտնվել ենք հիբրիդային ազդեցության շրջանակներում, որում առավել մեծ տեղ է ունեցել տեղեկատվական և քարոզչական տարրը: Ես կարծում եմ, որ այս ամբողջ ընթացքում մենք միշտ բավականին հաջող ենք դրսևորել մեզ և պատշաճ եղանակով պաշտպանել մեր շահերը: Եթե խոսենք ապրիլյան պատերազմի և այդ ընթացքում մեր աշխատանքի մասին, կարող ենք ասել, որ մենք ավելի լավ դիրքերում ենք, քան Ադրբեջանը: Սա հուսադրող է»,- ասաց պատգամավորը:
Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ ռազմական բաղադրիչը գնալով իր տեղը զիջում է ազդեցության այլ բաղադրիչների՝ կիբեր հարձակումներին, տեղեկատվական-հոգեբանական գործոնին: «Մենք ունենք տարբեր մոտեցումներ, օրենսդրական դաշտ և օրենսդրություն, սակայն այս երկխոսությունն անհրաժեշտ է: Պարտավոր ենք մեր մոտեցումները ընդհանուր հայտարարի բերել»,- ասաց Արման Սաղաթելյանը: