Հայկական տեխնոլոգիան կարող է որոշել հակառակորդի ազդանշանի ուղղությունը. Lragir.am (տեսանյութ)
«ԴիջիԹեք էքսպո-2017» 13-րդ ամենամյա տեխնոլոգիական ցուցահանդեսի շրջանակներում «Ինժեներական քաղաքում» «Նեյշնլ ինսթրումենթս» ընկերությունը ներկայացնում է նախադեպը չունեցող համակարգ՝ ազդանշանային ուղղորոշիչ: Ընկերության ինժեներ Սուրեն Էյրամջյանն ասում է, որ այն բարեհաջող հնարավոր է կիրառել նաև հայկական բանակում:
«Ռազմական նշանակության կիրառությունը հետևյալը կարող է լինել՝ երբ խնդիր է դրված լինում որոշել ազդանշանի ուղղությունը, որը կարող է գալ հակառակորդի կողմից: Օրինակ՝ հնարավոր է հակառակորդի կապի համակարգերը հայտնաբերել: Չէի ցանկանա չակերտները շատ բացել»,- լրագրողներին ասաց Սուրեն Էյրամջյանը:
Այս հարցով ընկերության մասնագետներն արդեն համագործակցություն են սկսել Պաշտպանության նախարարության հետ: Մասնագետն ասաց, որ ՊՆ կողմից հետաքրքրություն է ցուցաբերվում: Ընկերությունը պատրաստվում է ազդանշանային ուղղորոշչի արտադրության, 2018 թվականին առաջին օրինակները պատրաստ կլինեն:
Սուրեն Էյրամջյանը նշեց, որ այս համակարգն աննախադեպ է հետևյալ հիմնավորմամբ՝ համանման համակարգեր կան, բայց սա կարևոր պարամետրերով գերազանցում է դրանց:
«Սա գերբարձր հաճախականությամբ ազդանշանների ուղղորոշման համակարգ է, որը թույլ է տալիս եթերից հայտնաբերել ազդանշանը և որոշել դրա ուղղությունը: Այն կարող է օգտագործվել ինչպես քաղաքացիական, այնպես էլ ռազմական ոլորտներում»,- ասաց մանսագետը: