Հայտնաբերվել է «Անուշահոտ ջրի» պատրաստման եղանակը
Մերձավոր Արևելքն իր բնակլիմայական գոտիներով այնքան հարուստ է դիմահարդարման համար օգտագործվող բուսականությամբ, որ դժվար է մտաբերել բոլոր բույսերի անվանումներն ու նշանակությունը։ Դրանք մեծ քանակությամբ նույնիսկ արտահանվում էին Եգիպտոս. մրտենի, շուշան, ալոե, զանգակածաղիկ, անթառամ և այլն։ Միջագետքի բնակիչները բարձր էին գնահատում այդ բույսերի ախտահանող հատկություններն ու աննկարագրելի բույրը։ Հին Պարսկաստանն էր, որ մարդկությանը նվիրեց մինչ օրս մեծ ժողովրդականություն վայելող հինան և բասման։ Իսկ այդ բոլոր միջոցներին չքնաղ բույր ու էրոտիկ երանգ էին հաղորդում եթերային յուղերը։
Հին բաբելոնյան քաղաքներից մեկի' Ասուրեի (այժմյան Իրաք) տարածքում իրականացված հնագիտական պեղումների արդյունքում հայտնաբերված մ.թ.ա. II հազարամյակով թվագրվող սեպագիր արձանագրությունների վրա շատ մանրակրկիտ կերպով նկարագրվում է «անուշահոտ ջրի» պատրաստման տեխնոլոգիան։ Լավ լվացված և չորացված ծաղկաթերթիկները մանրացվում էին և եփվում։ Ստացված զանգվածին խառնում էին բուսական յուղեր, թողնում որ սառչի, այնուհետև կրկին եփում։ Ընդ որում, եփման գործընթացը շարունակվում էր այնքան ժամանակ, մինչև եփուկի վրա հաստ շերտով բուրումնավետ յուղի շերտ էր գոյանում։ Ի դեպ, բոլոր այն կանայք, ովքեր զբաղվում էին յուղերի և քսուքների պատրաստմամբ, մեծ հարգանք ու հեղինակություն էին վայելում։ Իրենց աշխատանքն իրականացնելու համար նրանք հատուկ տարաների և պիտույքների մի ամբողջ պահոց ունեին. մեծ շշեր, տարբեր չափսերի կաթսաներ, քամիչներ ու քաթաններ։