ԵՏՄ մաքսային օրենսգրքի ընդունման պահին անհամաձայնություններ չեն մնացել. Բուլավին
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի ընդունման պահին միության անդամ երկրների միջեւ անհամաձայնություններ չեն մնացել: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 28-ին, Երևանում, լրագրողների հետ զրույցում նշել է ՌԴ դաշնային մաքսային ծառայության ղեկավար Վլադիմիր Բուլավինը:
Նրա խոսքով, Մաքսային օրենսգիրքը քննարկվել է շուրջ 5 տարի, որի ընթացքում եղել են տարբեր մոտեցումներ, անհամաձայնություններ, սակայն օրենսգիրքն ընդունելու պահին այդպիսի հարցեր չեն մնացել, բոլոր հարցերում համաձայնություն է եղել:
«Հիմա շատ կարեւոր է, որպեսզի Միության անդամ երկրները պատրաստեն իրենց օրենսդրությունն այնպես, որպեսզի մենք կարողանանք միաժամանակ գործի դնել մաքսային օրենսգիրքը մեր երկրներում»,- ընդգծեց Բուլավինը՝ հավելելով, որ մաքսային ոլորտում հարաբերությունների նորմալացման առաջնային պայման է բիզնեսի եւ մաքսային ծառայությունների` միմյանց ընդառաջ գնալը:
«Ռուսաստանում այդ ուղղությամբ մենք վերջին շրջանում լուրջ քայլեր ենք իրականացրել, ինչի արդյունքում մեր երկրի մաքսային ծառայությունը բիզնեսի ոլորտում ավելի շատ բարեկամներ է ձեռք բերել: Մենք կարողացել ենք ավելացնել մեր ծառայության նկատմամբ վստահության մակարդակը»,- ամփոփեց նա: