Հայաստանի քրդերը Քուրդիստանի անկախության ճանաչման հարց չեն բարձրացնի․ Կնյազ Հասանով
Հայաստանի քրդական համայնքի ղեկավար, իշխող ՀՀԿ-ի խորհրդարանական խմբակցության պատգամավոր Կնյազ Հասանովը «Ազատության» հետ զրույցում շեշտեց՝ Հայաստանի քրդերը միայն բարոյական աջակացություն են ցուցաբերում Իրաքի քրդերին, իսկ Հայաստանն այս հարցի շուրջ պետք է որոշում կայացնի՝ ելնելով իր շահերից: Ի վերջո, տարածաշրջանի երկրները՝ Թուրքիան, Սիրիան, նաև հարևան Իրանը, որի հետ Հայաստանը բարեկամական հարաբերությունների ունի, կտրականապես դեմ են Իրաքի Քուրդիստանի անկախությանը, հիշեցրեց Հասանովը:
«Ամեն պետություն ինքն է որոշում կայացնում, ամեն պետություն ունի իր շահը: Հայաստան պետությունը նույնպես ունի իր շահը: Այսօր Հայաստանը լավ հարաբերություններ ունի Իրանի հետ, Իրանն էլ դեմ է Հյուսիսային Քուրդիստանի անկախությանը: Շատ հարցեր կան, և մենք այսօր միանշանակ չենք կարող ասել՝ Հայաստանը կընդունի [անկախ Քուրդիստանի գոյությունը], թե չի ընդունի: Ես չեմ կարող ասել, նաև չեմ բարձրացնի Քուրդիստանի ճանաչման հարցը, դա պետք է Հայաստանի իշխանությունները որոշեն, դա իմ որոշելիքը չէ: Որևէ նախաձեռնությամբ հանդես չենք գալու»,- ասաց Կնյազ Հասանովը: