Արա Բաբլոյանն ընդունել է Միացյալ Թագավորության արտաքին գործերի և համագործակցության նախարարության Եվրոպայի և Ամերիկաների նախարարին
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 27-ին ընդունել է Միացյալ Թագավորության արտաքին գործերի և համագործակցության նախարարության Եվրոպայի և Ամերիկաների նախարար Սըր Ալան Դանքընին: Այս մասին հայտնում է ԱԺ լրատվական ծառայությունը:
Խորհրդարանի ղեկավարը, ողջունելով հյուրին, նշել է, որ Հայաստանն անցել է խորհրդարանական կառավարման համակարգի և այդ հարցում լավագույն փորձ է հանդիսացել նաև Մեծ Բրիտանիայի անցած ճանապարհը:
Արա Բաբլոյանը, ընդգծելով Միացյալ Թագավորության դեսպանության հետ նպաստավոր համագործակցությունը, կարեւորել է դեսպանի կողմից Հայաստանում իրականացվող նախաձեռնությունները, անդրադարձել հատկապես ՀՀ Ազգային ժողովի կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրի արդյունավետությանը:
Սըր Ալան Դանքընը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, կարեւորել է երկու երկրների միջեւ առկա համագործակցությունը, խորհրդարանականների ակտիվ շփումներն ու փորձի փոխանակումը: Նա նշել է, որ Միացյալ Թագավորությունը դուրս է գալիս Եվրոպական միությունից, բայց ոչ երբեք Եվրոպայից:
Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս: