Մխիթարյանը վարպետ է. Ղազախստանի հավաքականի գլխավոր մարզիչ
Ղազախստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Բորոդյուկը խոսել է 2018 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլի` Ռումինիայի և Հայաստանի դեմ կայանալիք խաղերի, նաև Հենրիխ Մխիթարյանի մասին:
«Երևանում կայացած խաղը մեզ համար այդքան էլ վատ չդասավորվեց: Ունեինք բավարար առավելություն: Յուրաքանչյուր ֆուտբոլիստի անհատական վարպետությունն իր դիրքում մեծ ազդեցություն է տալիս խաղի ընթացքի վրա: Մխիթարյանը վարպետ է: Նա շատ լավ խաղաց և կարողացավ իր հնարավորությունները վերածել գոլի»,- հայտնել է նա:
Պատասխանելով այն հարցին, թե որ որակներն են նրան օգնում լինել աշխարհում լավագույններից մեկը, նա նշել է. «Տաղանդը և աշխատասիրությունը: Դրանցից մեկի բացակայության դեպքում դու չես կարող բարձրակարգ ֆուտբոլիստ լինել»:
Հիշեցնենք, որ Ղազախստան-Հայաստան հանդիպումը կկայանա հոկտեմբերի 8-ին: