Վերնիսաժի մոտ սպանության գործով մեղադրյալը մասնակի է ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը
News.am-ը գրում է.Վերնիսաժի մոտ սեպտեմբերի 14-ին տեղի ունեցած սպանության գործով կալանավորված 60-ամյա Ռաֆիկ Խաչատրյանը մասնակի է ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 26-ին, ասաց նրա շահերի պաշտպան Մարինե Ֆարմանյանը: Նա նշեց, որ իր պաշտպանյալը չի ընդունում իրեն առաջադրված սպանության մեղադրանքը՝ նշելով, որ ինքը միայն մասնակցել է միջադեպին:
«Նա ընդունում է, որ մյուս մեղադրյալների հետ դեպքի վայրում է գտնվել, բայց նա մտադրված չի եղել սպանել որևէ մեկին: Նա անգամ չի մտածել, որ կկրակեն», - ասաց Ֆարմանյանը։
Նա նաեւ նշել է, որ ատրճանակը որն եղել է իր մոտ, իրական չէ:
Մարինե Ֆարմանյանն առաջիկայում կբողոքարկի իր պաշտպանյալի նկատմամբ խափանման միջոց կալանքն ընտրելու դատարանի որոշումը:
Նշենք, որ Ռաֆիկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով՝ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետերով՝ սպանություն՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու կամ ավելի անձանց սպանության փորձ) և 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի զենք ունենալը):