Լոռու մարզի բնակիչները սոցիալական ծանր վիճակում են հայտնվել
«Փաստ» թերթը գրում է. «Լոռու մարզում այս տարի բերք չեն կարողացել ստանալ: Եղանակային անբարենպաստ պայմաններն ազդել են բերքատվության վրա: Բերքից դժգոհողների առաջին շարքերում են կարտոֆիլագործները: Վարդաբլուր համայնքում այս օրերին կարտոֆիլի բերքահավաք է ընթանում: Ստացած բերքից ոչ ոք գոհ չէ. կարտոֆիլի բերքն այս տարի անորակ է, պատճառն էլ երաշտն է:
«Բերքը կա, բայց շոգերի պատճառով կարտոֆիլն արդեն հողի մեջ թոռոմել է, չենք էլ կարողանում հանել»,– «Փաստ» օրաթերթի հետ զրույցում ասաց Վարդաբլուր համայնքի բնակիչ Միքայել Ֆրանգյանը: Վարդաբլուրում ոռոգման ջուր չկա, այստեղ հողագործությամբ զբաղվում են անձրև հույսով: Եղանակն էլ այս տարի գյուղացու կողմից չէր, անձրև Վարդաբլուրում վերջին ամիսներին չեն տեսել:
«Միջակ բերք ենք ստացել: Եթե ջուր լիներ, ավելի լավ բերք կստանայինք»,– նշեց նա: Նախորդ տարի մարզում կարտոֆիլի բերքատվությունը բարձր էր, ինչը չէր կարելի ասել գնի մասին: Կախված կարտոֆիլի չափից` 1 կիլոգրամի արժեքն այստեղ տատանվում էր 60–100 դրամի սահմանում: Այս տարի, ըստ վարդաբլուրցիների, կարտոֆիլի գինը բարձր կլինի: Լոռու գրանցված երաշտն էական վնաս է հասցրել մարզի գյուղատնտեսությանը: Կարտոֆիլ չկա, գարի չկա, ցորեն չկա. չկաների շարքը թվարկում են սարահարթցիները: Սարահարթ համայնքում նույնպես ոռոգման ջուրը բացակայում է: Վարելահողերի մեծ մասն այստեղ չի մշակվում, միայն տնամերձերն են գյուղատնտեսական նպատակներով օգտագործվում:
«Պատկերացրեք՝ 1 հեկտարից 12 ցենտներ բերք ենք ստացել, նույնը և ցորենը: Կարտոֆիլ էլ չկա: Մեր գյուղում վիճակ չկա էս տարի»,- փոխանցեց համայնքի ղեկավար Վասիլ Փիլոյանը: Սարահարթցիներն այս գյուղտարին ամենավատն են համարում: Հաջող չեն նաև սարահարթցիների գործերը: Աշխատատեղեր չունեցող համայնքի բնակիչների մեծ մասը դրսում է օրվա հացը վաստակում: Սարահարթից ամեն տարի շուրջ 400 տղամարդ է Ռուսաստանի Դաշնություն արտագնա աշխատանքի մեկնում: Սարահարթցի «խոպանչիներն» արդեն վերադարձել են, բայց առանց գումարի»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: