Մոտոցիկլետը գիշերով հարվածել է պատին. վարորդը գլխուղեղի վնասված է ստացել և ի վիճակի չէ խոսել
«Շտապօգնության» կայանից սեպտեմբերի 23-ի առավոտյան ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գլխուղեղի վնասվածք հարցականով, ճակատոսկրի կոտրվածք հարցականով, ճակատային շրջանի սալջարդ վերք ձախից, դեմքի բազմաթիվ քերծվածքներ, աջ և ձախ ակնակապիճների փափուկ հյուսվածքների սալջարդ, այտուց, կապտուկ հարցականով, ձախ ձեռնաթաթի և նախաբազկի քերծվածքներ» ախտորոշմամբ Արմավիր քաղաքի Երևանյան փողոցի ապակու գործարանի դիմացի ավտոտեխսպասարկման կայանի մոտից շտապօգնության ավտոմեքենայով հիվանդանոց է տեղափոխվել 34-ամյա օտարերկրյա քաղաքացի:
Ըստ բժշկի տեղեկանքի՝ նա ի վիճակի չի եղել բացատրություն տալու:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված տղամարդը նույն օրը, ժամը 2.30-ի սահմաններում, առանց հաշվառման համարանիշների իր «GPR 50» մոդելի մոտոցիկլետով Արմավիր-Երևան ճանապարհը երթևեկել է երթևեկությանը հակառակ ուղղությամբ, 2-րդ կմ-ին, կորցնելով կառավարումը, դուրս է եկել երթեւեկելի հատվածից, հարվածել պատին՝ ստանալով նշված մարմնական վնասվածքները:
Կատարվում է քննություն: