Հայհոյանքը՝ սպանության պատճառ. Նոր Արեշի սպանության գործով ամբաստանյալի պատժաչափը խստացվել է
Երևանի Նոր Արեշ թաղամասում 2015թ.-ի հուլիսին տեղի ունեցած սպանության գործով ամբաստանյալ Գագիկ Ղանդիլյանի պատժաչափը խստացվել է:
Վերաքննիչ քրեական դատարանն օրերս բավարարել է տուժող կողմի դիմումն ու Ղանդիլյանին դատապարտել 12 տարվա ազատազրկման: Նշենք, որ առաջին ատյանը նրան 10 տարվա ազատազրկման էր դատապարտել: Վերաքննիչի որոշումն այժմ էլ բողոքարկում է ամբաստանյալի պաշտպանը:
Հիշեցնենք, որ 2015թ. հուլիսի 6-ին ժամը 13:00-ի սահմաններում առերևույթ հանցագործություն կատարած անձն իր մոտ ապօրինի պահվող հրազենով Էրեբունու 28-րդ փողոցի թիվ 18/2 տան դիմաց կրակոցներ էր արձակել քաղաքացի Վաղարշակ Ասոյանի ուղղությամբ եւ սպանել նրան:
Պարզվել է, որ հանցագործությունը կատարել է Երևանի բնակիչ Գագիկ Ղանդիլյանը:
Վաղարշակ Ասոյանը լուրջ առողջական խնդիրներ ուներ և հարազատների խոսքով, ոչ ոքի հետ երբեք խնդիր չէր ունեցել: Թե ինչու էր Ղանդիլյանն այդ քայլին դիմել, պարզ է դարձել միայն նրա նախաքննական ցուցմունքներից: Նա պատմել էր, որ դեպքից 3 տարի առաջ Ասոյանն իրեն հայհոյել է, դեպքի օրն էլ ինքն այդ մասին հիշել է և դիմել այդ քայլին: