1 օրում 3 վթար երթուղայինների մասնակցությամբ. քաղաքապետարանը պնդում է՝ մեքենաները սարքին են եղել
Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը վստահեցնում է, որ վերջին օրերին մայրաքաղաքում վթարված երթուղային տաքսիներն ու ավտոբուսը տեխնիկապես սարքին են եղել:
«Երեկ չգիտես ինչու՝ բավականին շատ վթարներ եղան, ոչ միայն երթուղայիններ, այլեւ մարդատար շատ մեքենաներ են բախվել: Կոնկրետ վթարված երթուղայինները տեխնիկապես սարքին են եղել, օրինակ, թիվ 37 երթուղային տաքսիին հետեւից են հարվածել»,- -ի հետ զրույցում ասաց Հենրիկ Նավասարդյանը:
Այլ հարցերի համար Նավասարդյանը հորդորեց գրավոր դիմել:
Նշենք, որ սեպտեմբերի 21-ին երեկոյան Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ Շերամի փողոցում, թիվ 35 երթուղին սպասարկող Higer մակնիշի 4461 Տ համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս էր եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ բախվել բետոնե պատին: Վթարի հետեւանքով 10 անձ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ:
Սեպտեմբերի 22-ին երեկոյան արդեն Ծիծեռնակաբերդի խճուղում բախվել էին Opel մակնիշի և թիվ 37 երթուղին սպասարկող Газель մակնիշի ավտոմեքենաները: «Օպել»-ի վարորդը և «ԳԱԶել»-ի 7 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Նույն օրը Երևանի Արշակունյաց պողոտայի և Ներքին Շենգավիթի 15-րդ փողոցի խաչմերուկում թիվ 1 երթուղին սպասարկող «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան բախվել էր «Սկանիա» մակնիշի աղբատար ավտոմեքենային: «ԳԱԶել»-ի վարորդը և 4 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ստացվում է՝ 1 օրում 3 վթար, 23 վիրավոր: