NASA-ն 2018 թվականին Արեգակի ուսումնասիրման համար զոնդ կարձակի
ԱՄՆ-ի օդագնացության և տիեզերքի ուսումնասիրության ազգային վարչությունը (NASA) հայտարարել է զոնդ արձակելու մտադրության մասին, որը կընկղմվի Արեգակի մթնոլորտում: Այդ մասին հայտնել է գործակալության կայքը:
Parker Solar Probe ավտոմատ կայանը կանցնի աստղի մակերևույթից մոտավորապես 6.4 մլն կիլոմետր հեռավորության վրա, այսինքն՝ այն Արեգակին ավելի մոտ կգտնվի, քան Մերկուրին, որն Արեգակնային համակարգի ամենամոտ մոլորակն է:
«Այս թռիչքի ընթացքում հավաքված տվյալները հիրավի հեղափոխական փոփոխություններ կապահովեն Արեգակի վերաբերյալ մեր պատկերացումներում,- ասվում է NASA- ի հաղորդագրության մեջ:
Ինչպես տեղեկացրել է The New York Times-ը, Արեգակի մոխրացնող տապից, որի ջերմաստիճանը հասնում է 1300 աստիճան Ցելսիուսի, կայանը կպաշտպանվի 11.43 սանտիմետր հաստությամբ հատուկ ծածկույթով: Այս պաշտպանությունը կապահովի սարքի բնականոն շահագործումը արևային մասնիկների, մագնիսական դաշտերի, պլազմայի և լիցքավորված մասնիկների հոսքի ուսումնասիրման համար:
Ինչպես հայտնում են գիտնականները, ամերիկյան կայանի դիտարկումները հնարավորություն կտան կանխատեսել «տիեզերական եղանակը» Երկրի հարևանությամբ: