Վահան Մարտիրոսյանը և ԵՄ հանձնակատար Վիոլետա Բուլչին քննարկել են «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» հարցեր
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում կայացած «Կապակցելով Եվրոպան» համաժողովի շրջանակներում հանդիպել է տրանսպորտի հարցերով ԵՄ հանձնակատար Վիոլետա Բուլչին։
Կողմերը քննարկել են «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» և Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի կառուցման ընթացքը` որպես ԵՄ տրանսպորտային համակարգի մաս։
Նախարարը հայտնել է, որ որոշ հատվածներում շինարարությունը հաջողությամբ ընթանում է, իսկ ծրագրի հարավային հատվածում բարդ ենթակառուցվածքների կառուցման ծրագիրը նախատեսվում է իրականացնել պետություն-մասնավոր հատված համագործակցության շրջանակներում։
Ներկայացվել է նաև ճանապարհների անվտանգությունն ու այս ուղղությամբ կառավարության 5-ամյա գործողությունների ծրագիրը։
Երկկողմ հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանում միասնական տրանսպորտային համակարգ ներդնելու նախագիծը։ Վահան Մարտիրոսյանը նշել է, որ այն քննարկման փուլում է, և ուրախ կլինի տեսնել նաև ԵՄ մասնակցությունը ուղևորափոխադրման ոլորտի այս կարևոր ծրագրին։
Քննարկվել է նաև Հայաստանի կողմից առաջիկայում ՏՐԱՍԵԿԱ միջկառավարական հանձնաժողովի ղեկավարությունը ստանձնելու հարցը։