Համակարգչային նոր դրամաշորթ վիրուսը զոհերից մերկ լուսանկարներ է պահանջել
Համացանցում հայտնաբերել են արտասովոր դրամաշորթ վիրուս, որն իր զոհերից պահանջում է էրոտիկ լուսանկարներ: Այս մասին գրում է Motherboard-ը։
Վնասակար ծրագրերի հետազոտությունների հարցերով մասնագետները հրապարակել են այն հաղորդագրությունների սքրինշոթը, որոնք ստանում են nRansomware վիրուսով վարակված համակարգիչների օգտատերերը։
«Ձեր համակարգիչը արգելափակված է։ Այն բանից հետո, երբ մենք կգրենք ձեզ, դուք պետք է մեզ ուղարկեք առնվազն 10 մերկ լուսանկար։ Դրանից հետո մենք կստուգենք՝ իրոք դրանք ձեր լուսանկարներն են , թե՞ ոչ։ Հաջող նույնականացման դեպքում դուք կստանաք արգելաբացման կոդը, իսկ մենք ձեր լուսանկարները կվաճառենք դարքնեթում»,- ասվում է վիրուսի հեղինակների հաղորդագրության մեջ։
Վարակումների քանակի մասին տվյալներ առայժմ չկան։ Միայն պարզվել է, որ nRansomware-ն իրոք կարող է արգելափակել համակարգը։