Նախատեսվում է Բուլղարիայի նախագահի այցը Հայաստան
ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 20-ին հանդիպել է Բուլղարիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Եկատերինա Զախարիևայի հետ:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, զրուցակիցները կարևորել են երկու ժողովուրդների պատմականորեն բարեկամական կապերի վրա հիմնված միջպետական հարաբերությունների ակտիվացումը և ընդգծել, որ Բուլղարիայի նախագահի Հայաստան նախատեսվող այցելությունը նոր լիցք կհաղորդի երկկողմ համագործակցությանը։
Հանդիպման ընթացքում արծարծվել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները, նոյեմբերին Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները: