«Նիզաշտո տեղը խփեցին աներձագիս». Մանրամասներ Էջմիածնի աղմկահարույց կրակոցներից
«Իրավունքն» անդրադարձել էր օրեր առաջ Էջմիածնում հնչած կրակոցներին: Հիշեցնենք` սպանվեց քրեական աշխարհի հետ սերտ առնչություն ունեցող և քրեական հեղինակություն Արմեն Կանևսկոյի մերձավորի համարում ունեցող Տուպիկ Կարեն մականունով Կարեն Դավթյանը և նրա ընկերը` Լևոն Ավետիսյանը: Թե ինչն էր սպանությամբ ավարտված կրակոցների պատճառը, դեռ պաշտոնական որեւէ վարկած չկա: Իսկ խոսակցությունների մակարդակով տարատեսակ վարկածներ դեռ սպանության պահից են շրջանառվում: Իսկ սպանվածների հարազատներն ի՞նչ են մտածում տեղի ունեցածի շուրջ, փորձեցինք մանրամասներ պարզել Լևւոն Ավետիսյանի աներձագից` Արտակից: Բայց նա էլ պատճառների մասին դեռ քիչ բան է ասում.
- Քուրս, մենք բոլորս մինչեւ հիմա շոկի մեջ ենք: Լևոնը ո՛չ թշնամի ուներ, ո՛չ էլ` ինչ-որ խնդրահարույց թեմաների մեջ էր: Էնքան բարի ու մարդամոտ մարդ էր Լևոնը... Էս ամեն ինչը էնքան զարմանալի է մեզ համար, որ դեպքից հետո ասես քարացած լինենք, չգիտենք` ինչ, ոնց... Փաստ է, որ նիզաշտո տեղը խփեցին աներձագիս: Ավել բան չեմ կարող ասել, չգիտեմ էլ, որ ասեմ:
- Իսկ ի՞նչ կասեք Լևոնի հեղինակություն համարվող ընկերոջ` Դավիթի մասին:
- Ախր, մենք Կարենին չենք ճանաչել որպես հեղինակություն, չգիտեմ էլ` ինչքանով է դա այդպես: Կարենն էլ Լեւոնի նման անմիջական, ուրախ մարդ էր: Բայց որ գրում են քրեական հեղինակություն է կամ հեղինակության ընկեր, մենք լրատվամիջոցներից ենք տեղեկանում: Երկուսն էլ կարգին, ընկերասեր տղաներ էին: Էսօր նիզաշտո տեղը Լևոնի երեք անչափահաս երեխաները` պապա, պապա ասելով մնացին, իսկ մենք չենք էլ կարող ասել` ի՞նչ էղավ, ո՞նց էղավ, որ իրենց պապան չկա:
- Դեպքից հետո չե՞ք հետաքրքրվել, թե ինչի հետեւանք կարող էին լինել կրակոցները:
- Ոչ մեկը մեզ ոչինչ չի ասում: Իսկ խոսակցությունների մակարդակով ինչ ասես, որ չեն գրի կամ խոսի: Մենք ամենաշատն ենք էսօր ուզում հասկանալ Լևոնի հետ կատարվածի պատճառը, բայց ո՞ւր է, ո՞վ կասի:
- Ինչով էր զբաղվում Լևոնը:
- Ռուսաստանում բիզնեսներ ուներ, հիմնականում` իր բիզնեսներով: Էստեղ որեւէ տեղ չէր աշխատում: