Էրդողանն արձագանքել է իր թիկնազորին զենք չվաճառելու մասին ԱՄՆ-ի որոշմանը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արձագանքել է Թուրքիային 1.2 մլն դոլարի զենքի վաճառքից հրաժարվելու ԱՄՆ-ի որոշմանը: Այս մասին հայտնում է «Ermenihaber»-ը:
Ըստ թուրքական «Sondakika.com» լրատվական կայքի՝ Էրդողանը, նկատի ունենալով Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» (ԺՄԿ-PYD) ռազմական թևը համարվող «Ժողովրդի պաշտպանության ուժերին» (YPG-ԺՊՈւ) ԱՄՆ-ի ռազմական օժանդակությունը, ասել է.
«Մենք նույնիկս փողով չենք կարողանում ձեզանից զենք գնել: Եվ ուրեմն ինչու՞ եք դուք անվճար զենք տրամադրում այդ ահաբեկչական կազմակերպություններին: Որպես ռազմավարական դաշնակից՝ մենք շատ մտահոգված ենք, քանի որ չենք կարողանում այս հարցի պատասխանը գտնել»:
Նշենք, որ ԱՄՆ-ի արտգործնախարարությունը հետ է կանչել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանի թիկնազորի համար նախատեսված զինամթերքի վաճառքի թույլտվության նախագիծը՝ այդ մասին պաշտոնապես տեղեկացնելով կոնգրեսին: