Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը, ես շարունակելու եմ պայքարել դրա համար. Գարո Փայլան
Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի ժամանակ «Արտաքին քաղաքական օրակարգ» թեմատիկ քննարկման ընթացքում Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Գարո Փայլանն իր ելույթում ասաց, որ նախագահական պետության անցնելը մեծ սխալ էր Թուրքիայի կողմից.
«Ես դեմ էի նոր Սահմանադրությանը: Այն հիմնված է մեկ կրոնի և մեկ ինքնության վրա, ես ասացի, որ մեծ սխալ կկատարվի»:
Գարո Փալյանը նշեց. «Թուրքահայերն ավելի շատ արտահայտվելու առիթ ունեցան: Առաց առերեսվելու ցեղասպանության հետ՝ Թուրքիայում ո՛չ քրդական հարցը կարող է լուծվել, ո՛չ էլ կարող է ժողովրդավարություն հաստատվել»:
Գարո Փայլանը նշեց, որ Թուրքիան հիմա վերադարձավ այն ժամանակաշրջան, երբ խորհրդարանի մեջ «ցեղասպանություն» բառի գործածությունը հանցանք է համարվում:
«Ինչպես հարյուր տարի առաջ Արևմուտքն աչքերը կգոցե ցեղասպանության առաջ, այնպես էլ հիմա աչքերը կգոցի մարդու իրավունքների խախտումների առաջ»,- ասաց նա:
Գարո Փայլանը նկատեց, որ ժողովրդավարության պայքարը դժվար պայքար է, և վերջին երկու տարվա ընթացքում ազգայնամոլությունն է հաստատվում:
«Միայն ժողովրդավար Թուրքիան կարող է ճանաչել Ցեղասպանությունը, միայն ժողովրդավար Թուրքիան կբանա սահմանները Հայաստանի հետ»,- ասաց նա և նշեց, որ իրավունք չունենք սերունդներին փոխանցել այս հարցը, քանի որ լավ գիտենք մեր պատմությունը և չորս սերունդ կպայքարենք, որ արդար լուծում ստանա:
«Թուրքան մութ շրջանում է նորից, և այդ մտայնությունը շատ լավ գիտենք, որ ոճիր կգործի: Հարյուր տարի առաջ մեծ ոճիր եղավ և յուրաքանչյուր ոճիր անպատիժ մնալով՝ նոր ոճիրների պատճառ կդառնա: Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը, ես շարունակելու եմ պայքարել դրա համար»,- այսպես եզրափակեց իր ելույթը Գարո Փայլանը:
Փայլանի ելույթից հետո դահլիճը հոտընկայս ծափահարեց: