Հրդեհներ ականապատ տարածքներում. Քարվաճառում հրդեհաշիջման աշխատանքները վտանգավոր են դարձել
Արդեն 2 օրից ավել է, ինչ Քարվաճառում անտառային հրդեհներ են և այն օր օրի նոր տարածքներ է ընդգրկում: Operativ.am-ը այս տեղեկատվությունը փորձեց ճշտել ՀՀ ԱԻՆ-ից, որտեղ նշեցին, որ նման ահազանգ չեն ստացել: Հարցին, թե մեր աղբյուրների փոխանցմամբ ԱԻՆ զանգահարել են և նման ահազանգ գրանցել են, սակայն ԱԻՆ-ը չի արձագանքել, պատասխանեցին, որ դա ԼՂՀ ԱԻՆ-ի պատասխանատվության տակ գտնվող տարածքն է:
ԼՂՀ ԱԻՆ-ից տեղեկացանք, որ անտառային հրդեհներ իսկապես կան և հրդեհը Քաշաթաղից է եկել: Քաշաթաղում ամբողջ գիշեր հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացվել: Հիմա հրդեհը անցել է Քարվաճառ «Տաք ջրի» մոտ: Այնտեղ ականապատ վտանգավոր տարածքներ են և ԼՂՀ ԱԻՆ աշխատակիցները չեն կարողանում այնտեղ հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնել:
Հարցին, ՀՀ ԱԻՆ-ը որևէ օգնություն ցուցաբերել է, թե՞ ոչ, մեր զրուցակիցը նշեց.
«Դա մեր տարածքն է ՀՀ ԱԻՆ-ը ի՞նչ կապ ունի: Դեռ օգնության կարիք չունենք, մենք մեր ուժով կարողանում ենք հանգցնել»:
Նա նաև նշեց, որ այժմ հրդեհը ականապատ տարածքներ է ընդգրկում և հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են:
Հարցին՝ թե տվյալ դեպքում ի՞նչ է լինելու և ո՞նց են իրականացնելու մարման աշխատանքները, նշեցին, որ այնքան են սպասելու, մինչև ականապատ տարածքներից հրդեհը անցնի ոչ վտանգավոր տարածքներ և հնարավոր լինի հրդեհաշիջման աշխատանքները վերսկսել: