2018թ. երիտասարդական մայրաքաղաք ընտրված Իջևանի փողոցներում կովեր են թափառում
Armlur.am-ը գրում է.Սեպտեմբերի 4-ին Իջեւանն ընտրվել է 2018թ. Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք: Բացի Իջևանից՝ այդ կոչմանը արժանանալու հայտ էին ներկայացրել Ջերմուկ եւ Գավառ քաղաքները:
Իջևանի քաղաքապետարանի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ Լիլիթ Ղալումյանը ասաց, որ Իջևանի՝ Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք ընտրվելը կնպաստի, որ սպորտի և երիտասարդության նախարարության դրամաշնորհներով Իջևանի ՀԿ-ները քաղաքի երիտասարդությանն ուղղված ծրագրեր իրականացնեն: Նշենք, որ Իջևանը երիտասարդական, ուսանողական քաղաք է, ուր գործում են ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղը, այլ ուսումնական հաստատություններ:
Տավուշի մարզկենտրոնը ճարտարապետական ուրույն դիմագիծ ունի: Սակայն Իջևանի քաղաքային դիմագիծը խաթարում են Իջևանի փողոցներում թափառող կովերը: Դրանք արածում են Իջևանի տարածքով ձգվող միջպետական ավտոճանապարհի եզրի թփերը և ծառերը: Կովերն Իջևանում շատ ազատ են իրենց զգում, կարծես Հնդկաստանում լինեն, որտեղ դրանք սրբազան կենդանի են համարվում և անձեռնմխելի են: