Մահացածը 43-ամյա Գարիկ Մ.-ն Լոռու մարզի բնակիչ էր. նոր մանրամասներ Վերնիսաժում հնչած կրակոցներից
Այսօր՝ սեպտեմբերի 14-ի կեսօրին, Վերնիսաժի մոտ հնչած կրակոցներից սպանվածի և վիրավորի անունները հայտնի են:
Սպանվածը 43-ամյա Գարիկն է, իսկ վիրավորը՝ 39-ամյա Վահագը:
ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը դեպքի վայրում հավաքված լրագրողներին հայտնեց, որ այսօր ժամը 13.26-ին Երևանի կենտրոնում, Թուֆենկյան հյուրանոցի մոտ կրակոցներ են հնչել, որի հետևանքով երկու անձ հրազենային վնասվածք են ստացել. «Նրանցից մեկը մահացել է, մյուսը հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Այս պահին հայտնի է, որ սպանվածը 43 տարեկան է, Լոռու մարզի բնակիչ»,-ասաց նա՝ չպատասխանելով հարցին, թե որ հիվանդանոց է տեղափոխվել վիրավորը:
Ահարոնյանը նշեց, որ այս պահին վարկածներ դեռ չկան, աշխատանքներ են տարվում:
Քննչական կոմիտեից էլ հայտնել են, որ դեպքի վայրում հայտնաբերվել է AK-74 տեսակի ինքնաձիգ, ինչպես նաև ինքնաձիգի և ատրճանակի պարկուճներ. «Այսինքն, նախնական տվյալներով, դեպքի վայրում աշխատել է երկու տեսակի զենք»:
Ավելի վաղ Operativ.am-ը հայտնել էր, որ այսօր կրակոցներ են հնչել Վերնիսաժում: