Ագրամունտը հրաժարական չտվեց և չի կարելի ասել, որ նա համակերպվել է այս որոշման հետ. Արփինե Հովհաննիսյան (տեսանյութ)
Այսօր՝ Խորհրդարանում, լրագրողների հետ զրույցի ժամանակ Աժ փոխնախագահ ԵԽԽՎ հայկական պատվիրակության նախագահ Արփինե Հովհաննիսյանը հայտնեց, որ օրակարգի հաստատումից և պատվիրակությունների հավատարմագրերի հաստատումից հետո դրվելու է Պեդրո Ագրամունտի անվստահություն հայտնելու բանաձևի քվեարկությունը:
«Այս անգամ բյուրոն սահմանել է հատուկ ընթացակարգ: Սա նշանակում է, որ ի տարբերություն նախորդ յուրաքանչյուր անգամների, երբ որևէ բանաձևի քննարկման ժամանակ բոլոր պատվիրակները կարողանում են հերթագրվել և ելույթ ունենալ, ապա այս անգամ այդպիսի ընթացակարգ նախատեսված չէ»,- նշեց Արփինե Հովհաննիսյանը հավելելով,- «Հնարավորություն է տրված ելույթ ունենալ բացառապես անվստահության բանաձևի հեղինակին, որը Նորվեգիայի պատվիրակության անդամ է, նա է առաջինը ստորագրել այդ բանաձևի տակ և դրանից հետո քաղաքական 5 խմբերի ղեկավարները հնարավարություն կունենան արտահայտելու իրենց դիրքորոշումները, կամ նրանց ներկայացուցիչները»:
Ըստ Հովհաննիսյանի, եթե դրանից հետո Պեդրո Ագրամունտը կլինի այնտեղ և ցանկություն կունենա արտահայտել որոշակի դիրքորոշում, ապա ձայնը կտրվի նրան և անմիջապես հետո դահլիճում բաց քվեարկություն կանցկացվի և այդտեղ պարզ կլինի, թե ով ինչպես է քվեարկելու:
Քվորումն ապահովելու համար պահանջվում է 102 ձայն և 102 ձայնից բարձր կամ այդ պահին դահլիճում գտնվողներից 2/3-ը:
«Մտավախություններ ունեմ թե ոչ, անկեղծ ասած մեծ չէ մտահոգությունս, որ կարող է տապալվել, բայց ես չեմ կարող որևէ բան բացառել որևէ պարագայում: Ագրամունտը իր այս ժամանակահատվածում ցուցաբերած վարքագծով ցույց տվեց, որ իրականում ինքը չի հարգում որևէ արժեք, չի հարգում նաև սեփական ֆրակցիային և ԵԺԿ-ին»,- նշեց պատվիրակության ղեկավարը:
Նա զերծ մնաց որևէ ձևակերպումներ անելօուց, նշելով, որ Ագրամունտը հրաժարական չտվեց և չի կարելի ասել, որ նա համակերպվել է նաև այս որոշման հետ:
Հովհաննիսյանը իր խոսքը եզրափակեց վստահություն հայտնելով, որ Եվրոպայի խորհուրդը ունի զգացողություն, ունի հստակ կամք: