13-ամյա Նարեկը ինքնասպանության փորձի առավոտյան դպրոց է գնացել, մասնակցել բոլոր դասերին. ճարպիկ ու աշխույժ երեխա է
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ Արմավիրի մարզում եղբայրը փրկել է 13-ամյա եղբոր կյանքը, ով փորձել էր կախվելու միջոցով ինքնասպան լինել, բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար:
Դեպքի հետ կապված Armtimes.com-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել: Տղան այս տարի փոխադրվել էր գյուղի միջնակարգ դպրոցի 8-րդ դասարան: Տնօրեն Արուսյակ Ավագյանը մեզ հետ զրույցում ասաց, որ դեպքի օրն էլ նա դպրոց էր եկել, ներկա գտնվել բոլոր 7 դասերին ու միայն դասապրոցեսի ավարտից հետո գնացել տուն: Իսկ արդեն երեկոյան տնօրենին է հասել կատարվածի լուրը:
Արուսյակ Ավագյանի փոխանցմամբ, տղան թե իր դասընկերների, թե աշակերտության եւ թե ուսուցչական կազմի ու դպրոցի ղեկավարության հետ խնդիրներ չի ունեցել: Ուսումնառության 7 տարիների ընթացքում չի դրսեւորել արտառոց վարք, գործողություններում որեւէ բան շրջապատին չի հուշել ինքնասպանություն գործելու մտադրության մասին:
«Երեկ ոստիկանությունից ինձ զանգել են եւ հարցնում են` սոցիալապես անապահո՞վ է, ասել եմ` ոչ, կարո՞ղ է հավաքի է գնում, ասել եմ` ոչ: Մենք էլ ենք վարկածներ փնտրում, ու չենք կարողանում գտնել: Ունի շատ լավ, շատ հետեւողական ծնողներ, դասղեկը շատ լավ անձնավորություն է, դպրոցի տնօրենը իրեն ընդունել է որպես շատ լավ աշակերտի: Ինքը, ճիշտ է, ակտիվ, շարժուն, ճարպիկ, մի քիչ անհանգիստ երեխա է եղել, բայց խնդիրներ չի ունեցել: Արտառոց ոչինչ մենք չենք նկատել»,- ասաց Արուսյակ Ավագյանը: