Պատահականություն չէր այն, որ հենց այս ժամանակահատվածում է բարձրաձայնվում ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցը
Հայաստանյան հասարակական-քաղաքական որոշ շրջանակների կողմից փորձ է կատարվում վերջին շրջանում հայ-չինական համագործակցության զարգացման հարցը, ըստ այնմ` կողմերի միջև ձեռքբերված պայմանավորվածությունները արհեստականորեն բերել հայ-ռուսական հարաբերությունների համատեքստ:
Այդ շրջանակների նպատակը մեկն է` հնարավորինս բացասական ազդեցություն թողնել հայ-ռուսական երկկողմ գործակցության ընդհանուր մակարդակի վրա, նպաստել Հայաստանի ուղղությամբ արևմտյան ազդեցության ընդլայնմանը:
Հարցի առնչությամբ նշեմ, որ ամենևին էլ պատահականություն չէր այն, որ հենց այս ժամանակահատվածում է որոշ քաղաքական-հասարակական հարթակներում բարձրաձայնվում ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու վերաբերյալ հարցը: Հիշեցնեմ, որ նոյեմբերին նախատեսվում է Հայաստանի և ԵՄ միջև շրջանակային համաձայնագրի ստորագրումը: Այս ամենը խոսում է այն մասին, որ ներկայում Հայաստանի նկատմամբ նկատելի է դառնում Արևմուտքի կողմից որոշակի ճնշման բանեցման միտում, խորանում են նաև հարավկովկասյան տարածաշրջանում Արևմուտք-Ռուսաստան հակասությունները:
Կարեն Վերանյան. Ֆեյսբուք