Մեր շտապօգնությունն ունի անալգին, դիմեդրոլ, լավագույն դեպքում՝ յոդ, բինտ էլ չունեն, ասում են գնացեք բինտն էլ դուք բերեք. Նաիրա Զոհրաբյան
ԱԺ-ն քննարկում է «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված դրույթների նախագծերի փաթեթը:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը մինչ Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանին հարց տալը նկատեց, որշ գաղափարը լավն է՝ անհետաձգելի բուժօգնություն ցուցաբերել տեղում: «Բայց, ինչպես միշտ, հերթական անգամ առաջնորդվում են կոճակն ունենք, մնաց վերարկուն կարգախոսով: Դուք տեսե՞լ եք մեր շտապօգնություններն ինչ վիճակում են, խոսքը չի վերաբերում մի քանի մասնավոր հիվանդանոցների մեքենաներին, որոնք հագեցված են: Խոսքը շարքային շտապօգնության մասին է, որն ունի անալգին, դիմեդրոլ, լավագույն դեպքում յոդ, բինտ էլ չունեն, ասում են գնացեք բինտն էլ դուք բերեք»,-ասաց նա:
Զոհրաբյանն առաջարկում է համակարգային լուծում տալ: «Դեռ մեր շտապօգնությանը ապահովեք անալգին, դիմեդրոլից բացի այլ դեղորայքով, որովհետև չունեն 10 000 դրամ, որ մասնավորին դիմեն: Հիմա բուն խնդիրը չենք լուծում»,-ասաց նա: