«Աստաֆյան կազինոի» շենքի փոխարեն հյուրանոց. Ծառուկյանը մեծ թափով շինարարություն է սկսել Երևանի կենտրոնում
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երևանի Աբովյան փողոց 5/5 հասցեում ակտիվ շինարարական աշխատանքներն են: «Մոսկվա» կինոթատրոնի դեմ դիմաց քանդվում է նախկին «Աստաֆյան կազինոի» շենքը, որտեղ հետագայում տեղակայվեց «Պասկուչի» սրճարանը, իսկ դրանից հետո՝ հագուստի մի խանութ: Շենքը պատկանում է «Մուլտի գրուպ» կոնցեռնին, որն էլ հիմնադրել է ԱԺ «Ծառուկյան» պատգամավորական խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:
Երևանի քաղաքապետարանը «Մեդիամաքս»-ին հայտնել էր, որ Աբովյան փողոցի հ. 5/1 հասցեում հասարակական նշանակության շինության քանդման համար առկա է կառուցապատողներ` «Ա.Ս.Դ.Հոթել» ՓԲԸ-ին, «ՄՈՒԼՏԻ ԳՐՈՒՊ» կոնցեռն ՍՊԸ-ին և Դավիթ Մանթաշյանին 19.07.2017թ. տրված հ.01/18-05/1-Կ-2054-538 նախագիծը և ներկայումս հիշյալ հասցեում համապատասխան քանդման թույլտվությամբ իրականացվում է գոյություն ունեցող շինության քանդման աշխատանքներ: Նշված շինության քանդման և հարակից տարածքում` համաձայն 20.05.2017թ. տրված հ.01/18-07/1-Կ-1526-295 նախագծման թույլտվության, նախատեսվում է կառուցել հյուրանոցային համալիր, որի քաղաքաշինական փաստաթղթերի համաձայնեցման փուլում կհստակեցվի նաեւ իրականացման ենթակա քաղաքաշինական գործունեության ժամկետները:
Armtimes.com-ին հայտնի դարձավ, որ տարածքում առաջիկայում կառուցվող «Կեմպինսկի» հանրահայտ հյուրանոցի նախագիծն այժմ պատրաստման փուլում է: Դրանով զբաղվում է «Հայնախագիծ»-ը:
««Հայնախագիծ»-ը նոր նախագիծ է իրականացնում, որն ավարտված կլինի 2-3 շաբաթից: Առաջիկայում, երբ նախագիծը պատրաստ լինի, տեղեկատվություն կտրվի»,- armtimes.com-ին տեղեկացրեց քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Անահիտ Եսայանը:
Դեռեւս 2012 թվականին Երեւանի քաղաքապետարանում ընթացած քննարկումների ժամանակ հավանության չէր արժանացել Աբովյան 5/5 հասցեում 18 հարկանի շինության նախագծին: Այն ժամանակ Երևանի գլխավոր ճարտարապետը քաղաքաշինության պետական կոմիտեի ներկայիս նախագահ Նարեկ Սարգսյանն էր:
Ենթդադրվում է, որ «Կեմպինսկի» հյուրանոցի ապագա շենքը պետք է համապատասխանի Աբովյան-Պուշկին փողոցների հատման մասում կառուցված «Իբիս» հյուրանոցի շենքի բարձրությանը: Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը հունիսի 16-ի իր ասուլիսում հայտարարել էր, որ մոտ 30 միլիոն դոլարի ներդրում է նախատեսվում»:
Մանրամասները՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում: