Թե ինչ նպատակով էր գիշերով երթևեկում Արմեն Աշոտյանի ծառայողական մեքենան.ԱԺ-ն լռում է
armtimes.com-ը գրում է. Երեկ կեսգիշերի սահմաններում հայտնի դարձավ, որ Ազգային ժողովի պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանին սպասարկող ծառայողական ավտոմեքենայի մասնակցությամբ Երեւանում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար:
Ավտովթարի դեպքը եղել է սեպտեմբերի 6-ին՝ Այվազովսկու փողոցում` «Էրեբունի» թանգարանի դիմաց՝ ժամը 23:00-ի սահմաններում:
Աշոտյանն այդ ժամանակ արտերկրում էր: Toyota Camry մակնիշի եւ 011 HH 01 պետհամարանիշի ավտոմեքենան վարել է Մանվել Գաբրիելյանը, իսկ սրահում գտնվել է Ալբերտ Միրզախանյան անուն-ազգանունով ուղեւոր: Վթարի հետեւանքով նրանք երկուսն էլ տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Բարեբախտաբար, առողջությանը հասցված վնասներ նրանց մոտ չի հայտնաբերվել: Բուժհաստատությունից տեղեկացանք, որ վարորդն ու ուղեւորը չեն հոսպիտալացվել, եւ անհրաժեշտ հետազոտություններ անցնելուց հետո գնացել են:
Բայց այս պատահարն առաջ է բերում մի շարք հարցեր. Ազգային ժողովի հաշվեկշռում գտնվող եւ Արմեն Աշոտյանին սպասարկող ծառայողական ավտոմեքենան ինչ նպատակով էր այդ ժամին երթեւեկում, մանավանդ երբ Աշոտյանը երկրում չէ: Պետական միջոցներով ու հարկատուներիս հաշվին ձեռք բերված, պահպանվող ու լիցքավորվող այդ ավտոմեքենայով արդյոք պետական նշանակության որեւէ հանձնարարությո՞ւն էր կատարվում: Եթե այո, ապա ինչ էր դա իրենից ներկայացնում: Այս եւ այլ հարցերի պատասխանները փորձեցինք ստանալ Ազգային ժողովից: