«ՏաԹևեր» ճոպանուղին ընդունեց այս տարվա հարյուր հազարերորդ ուղևորին. անցյալ տարվա համեմատ այցելուների թիվն աճել է 38%-ով
«ՏաԹևեր» ճոպանուղին շարունակում է ռեկորդներ սահմանել՝ տարեցտարի ընդունելով ավելի մեծ թվով զբոսաշրջիկների։
Սեպտեմբերի 8-ին ճոպանուղին սպասարկեց այս տարվա հարյուր հազարերորդ (100.000-րդ) ուղևորին։
«ՏաԹևեր»-ի հարյուր հազարերորդ այցելուն երևանաբնակ Սերոբ Իգիթյանն էր, ով Տաթև էր այցելել ընտանիքի հետ։
«Տաթևի դարպասներ» նախագծի ղեկավար Վահե Բաղդասարյանը նրան հանձնեց 100.000-րդ այցելուի հավաստագիրը, ինչպես նաև նվեր փաթեթ, որը ներառում է «ՏաԹևեր» հյուրատան, «Տաթևի տուր» երթուղու և «Տաթևատան» ռեստորանի ծառայություններից մեկ անգամ անվճար օգտվելու հնարավորություն։
«Այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին «ՏաԹևեր» ճոպանուղին սպասարկել է աննախադեպ թվով ուղևորների։ Անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ճոպանուղու այցելուների թիվն աճել է 38%-ով։ Սա հաստատում է, որ աշխարհի ամենաերկար ճոպանուղին՝ «ՏաԹևեր»-ը, դարձել է Հայաստանի զբոսաշրջային այցեքարտերից մեկը»,- ասել է Վահե Բաղդասարյանը։
«ՏաԹեւեր» ճոպանուղին կառուցվել է 2010 թ.-ին «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի «Տաթևի վերածնունդ» ծրագրի շրջանակում: Այն ամենաերկար հետադարձելի ճոպանուղին է աշխարհում: Ռեկորդային են ոչ միայն օդուղու երկարությունը՝ 5752 մետր, այլև ճոպանուղու կառուցման ժամկետները՝ ընդամենը 10 ամիս։ Նախագիծն իրականացրել է ճոպանուղիների կառուցման ոլորտի համաշխարհային առաջատար ավստրո-շվեյցարական «Doppelmayr/Garaventa» ընկերությունը։
Գործարկումից՝ 2010թ․ հոկտեմբերից, մինչև այսօր ճոպանուղին սպասարկել է ավելի քան 600 հազար ուղևորի։
Ճոպանուղու գործարկումը և «Տաթեւի վերածնունդ» ծրագրով իրականացված նախագծերը նոր թափ են հաղորդել Սյունիքի մարզում զբոսաշրջության զարգացմանը։ Վերջին տարիներին միայն Գորիսում բացվել է ավելի քան 15 հյուրանոց, որտեղ աշխատում են շուրջ 200 մարդ։
«Տաթեւի վերածնունդ» ծրագրի նպատակն է վերականգնել Տաթևի վանական համալիրը՝ դրա պատմամշակութային և հոգևոր նշանակությանը համապատասխանող անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծմամբ և տեղական համայնքների զարգացմամբ։