Հայաստանը միայն շատ լուրջ սրման պարագայում Ռուսաստանից օգնություն կխնդրի․ Արտակ Զաքարյան
Հայ-ռուսական նոր միացյալ հակաօդային համակարգը գլխավորում է Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը։ Այս մասին Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում «Հայ-ռուսական միացյալ զորախմբի մասին» համաձայնագրի քննարկման ժամանակ, հայտնեց պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը։
Անդրադառնալով խորհրդարանական «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի դիտողությանը, որ Տավուշի մարզի վրա ադրբեջանական հարձակումների ժամանակ ռուսական կողմը ոչ մի քայլ չձեռնարկեց, պաշտպանության փոխնախարարն ասաց․ «Տավուշի վրա հարձակումների ժամանակ մենք երբեք չենք դիմել ո՛չ ռուսական կողմին, ո՛չ ՀԱՊԿ-ին։ Դրա անհրաժեշտությունը չկար։ Եվ ես վստահ չեմ, որ առաջիկայում նման անհրաժեշտություն կծագի։ Դրա անհրաժեշտությունը միայն շատ լուրջ իրադարձությունների պարագայում է ծագում»։
Ի պատասխան Սասուն Միքայելյանի հարցին՝ արդյոք կարող է Հայ-ռուսական միացյալ զորախմբի կազմավորումը ինչ-որ մի պահի Լեռնային Ղարաբաղի տարածքում խաղաղապահ ուժերի տեղակայման հանգեցնել, Զաքարյանը շեշտել է. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության դեպքում այս համաձայնագիրը չի կիրառվում, այսինքն՝ պարտավորվածությունները ԼՂՀ-ի վրա չեն տարածվում։ Այն վերաբերում է Հայաստանի Հանրապետության պետական սահմանին»։