Ոստիկանությունը պատասխանում է Լիանա Զուրաբյանի դեպքի մասին այսօր ամենաշատ հնչած հարցերին
Ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հիմա, երբ ճշմարտությունը բոլորին հայտնի է պատասխանեմ այսօր ամենաշատ հնչած հարցերին:
1. Ինչից սկսվեց այս պատմությունը:
Երեկ Հրապարակ օրաթերթը իր էջում հրապարակեց այս նյութը, որտեղ ոստիկանների հասցեին անձնական բնույթի վիրավորանքների շաղախում, նաև բավական լուրջ մեղադրանքներ կային: Իսկույն ստուգվեցին հրապարակման մեջ տեղ գտած տեղեկությունները և որքան էլ զարմանալի էր ամբողջությամբ հերքվեցին: Տեխնիկայի այս դարում դժվարացել է շառ անելը, քանի որ հիմա ամեն քայլ վերահսկվում, արձանագրվում և տեսանկարահնվում է քաղաքացիներին հնարավոր կոռուպցիոն երևույթներից զերծ պահելու նպատակով: Հետայսու ևս, ցանկացած հրապարակման պատասխան լինելու է հրապարակային: Կարծում եմ սա արդար մոտեցում է մեր քաղաքացիների նկատմամբ: Քաղաքացին արժանի է իմանալ ճշմարտությունը, եթե խնդիրը արդեն դարձել է հրապարակային:
2. Իրավունք ուներ ոստիկանությունը հրապարակելու տեսանյութը:
Այո, ուներ: Ոստիկանությունը իր պաշտոնական խողովակներով /հաղորդում, թերթ, համացանցային ալիք և այլն/ իրավունք ունի հրապարակել օրինական ճանապարհով ձեռքբերված ոստիկանության գործունեության վերաբերյալ ցանկացած տեսանյութ: Ի դեպ առ այս պահը որևէ մեկը նույնիսկ չի էլ դիմել տեսանյութը հեռացնելու խնդրանքով:
3. Արդյոք բոլորն են տեսանկարահանվում:
Այո, տեսանկարահանող սարքերը առկա են ծառայություն իրականացնող բոլոր տեսուչների մոտ: Նկարահանվում է ամբողջ ծառայության ընթացքը: Առ այսօր եղել են շատ նման դեպքեր,երբ վարորդը, ընդ որում շատ ավելի հայտնի մարդ փորձել է իրականությունը ուրիշ կերպ ներկայացնել, այդպիսի միջադեպերը հիմնականում ավարտվել են ամոթխած ներողությամբ: Սա առաջին դեպքն էր ԶԼՄ-ի ներգրավմամբ:
Հ.Գ. Ի դեպ հանուն արդարության ավելացնեմ, որ տեսախցիկները օգնել են բացահայտել նաև բացասական իրողություններ ու պատժել չարամիտ ծառայողների: Այնպես որ ամեն բան արվում է հանուն քաղաքացու, իսկ 21-րդ դարում լեյտենանտ Շմիդտի որդիների առկայությունն ուղղակի ծիծաղելի է:
Լավ եղեք, անվտանգ երթևեկություն Լիանա Զուրաբյանին և երջանիկ մանկություն փոքրիկ Լևոնին»: