Ոսկե մեդալը նրա վաստակն է. Հրազդանի քաղաքապետը՝ նախագահի կողմից որդու պարգևատրության մասին. 1in.am
«Ռազմիկ Դանիելյանի ոսկե մեդալը` դա նրա վաստակն է, որի գնահատականը կարող եք իմանալ դպրոցից և ուսուցչական կազմից: Հարցրեք դպրոցի տնօրենին և կիմանաք, թե ինչպիսի առաջադիմությամբ է նա սովորում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը՝ անդրադառնալով մամուլի այն հրապարակմանը, թե իր որդին նախագահի կողմից ոսկե մեդալի է արժանացել բարձր առաջադիմության համար: Այստեղ տարօրինակ ոչինչ չէր լինի, եթե քաղաքապետի անչափահաս որդին՝ Ռազմիկ Դանիելյանը ամիսներ առաջ հոր ծառայողական մեքենայով ավտովթարի չենթարկեր և դրա հետևանքով մահ չպատճառեր մի քաղաքացու:
Արամ Դանիելյանն անբարոյական է համարում այս մեկնաբանությունները: «Կատարվածը չարաբաստիկ ողբերգություն էր: Ոչ մեկ չէր ցանկանա, որ նման բան լիներ: Եվ դրա հետևանքները պետք է պարզեն, վճիռը կայացնեն իրավապահ մարմինները: Դիտավորյալ և միտումնավոր թիրախ դարձնել դժբախտությունը` զուրկ է բարոյական նորմերից: Ես ապշած եմ նման կարծիքներից»,- ասաց քաղաքապետն ու անջատեց հեռախոսը: