Արթուր Ալեքսանյանն ու Մաքսիմ Մանուկյանը պարգևատրվել են ավտոմեքենաներով
Ըմբշամարտի աշխարհի չեմպիոններ Մաքսիմ Մանուկյանի և Արթուր Ալեքսանյանի գոտեմարտերն անմիջապես մրցավայրում դիտելուց հետո մոսկվաբնակ հայ գործարար Էդգար Արամյանը որոշել է պարգևատրել հայ մարզիկներին:
«Ես շատ հուզված եմ և էմոցիաներով լի: Տղաների գոտեմարտերի ընթացքում մարզադահլիճում էի: Այնքան եմ երկրպագել, գոռացել նրանց անունները, որ նույնիսկ ձայնս դեռ չի վերականգնվել: Սպորտի նկատմամբ շատ ուշադիր եմ, հատկապես հայ մարզիկների մրցելույթների: Նրանց ցանկացած հաղթանակ նաև իմն է:
Հերթական անգամ Հայաստանը փայլուն արդյունքներ ցույց տվեց: Ես հիացած եմ և ուզում եմ շնորհակալություն հայտնել Արթուրին և Մաքսիմին: Վրաստանից երեկ եմ եկել: Այնտեղ խնդրեցին տղաներին փոխանցել հիացմունքի խոսքեր և, որ նրանց նմանները ծնվում են հարյուր տարին մեկ անգամ:
Կցանկանամ, որ չեմպիոնական այս գեղեցիկ ավանդույթները շարունակվեն, տոնենք նաև մյուս հայ մարզիկների հաղթանակները: Ես կլինեմ նրանց կողքին ոչ թե խոսքով, այլ գործով: Ինչպես ասում են՝ թանկ է վերաբերմունքը, ոչ թե նվերը»,- ասել է Էդգար Արամյանը: