Հայ-ռուսական հարաբերությունները 2013թ. սեպտեմբերի 3-ից հետո վատացել են ու ավելի են վատանալու, որովհետև այդպես է դրվել հիմքը. Անուշ Սեդրակյան. Tert.am
«Tert.am»-ը գրում է. 4 տարի առաջ սեպտեմբերի 3-ին Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց եվրաասոցացումից հրաժարվելու և Մաքսային միությանն անդամակցելու մասին: 2013թ.-ը, ըստ փորձագետների, դարձավ բեկումնային տարի Հայաստանի արտաքին քաղաքականության համար:
Tert.am-ի հետ զրույցում հրապարակախոս, քաղաքագետ Անուշ Սեդրակյանն ասաց, որ սեպտեմբերի 3-ը Հայաստանի համար չդարձավ դաս: Ավելին, ըստ նրա՝ տեղի ունեցածից 4 տարի հետո Հայաստանը նորից կանգնած է նույն սխալը կրկնելու վտանգի առջև:
«Մեր քաղաքական էշելոնն այնքան ոչ արհեստավարժ է, ոչ քաղաքական, այնքան հակաեվրոպական, որ իմ կարծիքով՝ վտանգված է նաև ՀՀ-ԵՄ միջև նախաստորագրված համագործակցության մասին նոր փաստաթղթի ճակատագիրը: Մեզ ասում են, որ Ասոցացման պայմանագիրը չկնքվեց Եվրոպայի մեղքով, այնինչ Ռուսաստանի կողմից Հայաստանի վրա կար ակնհայտ ճնշում:
Չի կարելի ճանապարհային քարտեզի, մտադրությունների պրոտոկոլի հիմքը դնել ստով, իսկ Հայաստանը Եվրամիության հետ հարաբերությունների սկիզբը դրեց ստով։ Հիմքը սուտն է, դրա համար էլ Ռուսաստանը իրեն թույլ է տալիս «խփել» մեզ բոլոր ասպեկտներով՝ զենքի վաճառքից սկսած, գազի գնով վերջացրած»,-շեշտեց Անուշ Սեդրակյանը:
Ըստ նրա՝ հայ-ռուսական հարաբերություններում սեպտեմբերի 3-ից հետո իրավիճակն ավելի է վատացել ու ապագայում ավելի է վատանալու, որովհետև այդպես է դրվել հիմքը:
Սեդրակյանը հարց բարձրացրեց՝ եթե Ռուսաստանը սեպտեմբերի 3-ին իբրև թե չճնշեց Հայաստանին, ապա ինչո՞ւ հիմա չի հրապարակվում Եվրամիության հետ համագործակցության մասին նոր փաստաթուղթը, ինչի՞ց է վախենում Հայաստանը, եթե Ռուսաստանն իսկապես չի խանգարելու դրա ստորագրմանը:
Մանրամասները՝ այստեղ.