Ճապոնիայի քաղաքացիներն առանց մուտքի վիզայի կկարողանան Հայաստան այցելել
Կառավարությունը օգոստոսի 31-ի նիստում պատրաստվում է Ճապոնիայի քաղաքացիներին ազատել Հայաստան այցելելու մուտքի վիզայից:
Կառավարության որոշման նախագիծը, որը գործադիրին է ներկայացնելու արտաքին գործերի նախարար Էդվարդ Նաբանդյանը, նախատեսում է Ճապոնիայի քաղաքացիների համար սահմանել առանց մուտքի վիզայի ռեժիմ 2017 թվականի սեպտեմբերի 6-ից:
Այս որոշումն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2017 թվականի սեպտեմբերի 6-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
Որոշման ընդունումը թույլ կտա Ճապոնիայի քաղաքացիներին այցելել և մնալ Հայաստանի Հանրապետության տարածքում առավելագույնը 180 օր ժամկետով` մեկ տարվա ընթացքում` ազատելով նրանց մուտքի վիզա ձեռք բերելու պահանջից: Դա ոչ միայն կնպաստի զբոսաշրջության խրախուսմանն ու խթանմանը, այլև նոր սկիզբ կհանդիսանա ժողովուրդների հոգևոր և պատմամշակութային արժեքների փոխճանաչման, երկկողմ համագործակցության մի շարք նոր ոլորտների ուրվագծման և զարգացման համար: