Դավիթաշենի տուն-զինանոցի տերը փախուստի մեջ է
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Օգոստոսի 2-ին Դավթաշենի տներից մեկի բակում՝ 2-րդ փողոց, 56/2 հասցեում, արկ էր պայթել։ Բազմակի վնասվածքներով «Արմենիա» բժշկական կենտրոն էին տեղափոխել երկու հոգու՝ Երևանի բնակիչներ 20-ամյա Աշոտ Եփրեմյանին և 1985 թվականին ծնված Նիկոլայ Եփրեմյանին, որի կյանքը բժիշկներին չէր հաջողվել փրկել։
Գործ է հարուցվել ապօրինի զենք պահել-կրելու հոդվածով։ Զարմանալին այն է, որ հաջորդ օրն այդ տանը խուզարկության արդյունքում մի ամբողջ զինանոց է հայտնաբերվել։
Ըստ Քննչական կոմիտեի տվյալների, այստեղ գտել են «հրետանային արկ՝ 620 մմ երկարությամբ, 120 մմ տրամաչափի, էլեկտրական մալուխով շինարարական աշխատանքային գործիքի բռնակին նմանվող հատված, 5 արկ, «Բայկալ» հրացան, մեկ փամփուշտ, հրացանի օպտիկական նշանոց, գիշերային տեսանելիության սարք, հրացանի խզակոթ, 2 հատ ծխագլանակ, մեկ հատ լուսարձակիչ, 53 հատ «Տոզ» տեսակի փամփուշտ, վառոդի նմանվող փոշի»: Տանտիրոջ անունն առայժմ չեն հրապարակում։
Հայտնի է, որ նա 39 տարեկան է։ Նրա ձերբակալության մասին որոշում կա, սակայն նա դեռևս փախուստի մեջ է, հետախուզվում է։ Ոստիկանությունը նրան չի հայտնաբերել»:
Մանրամասները՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: