Արա Զոհրաբյանը մրցակից չունի
«Հրապարակը» գրում է. Փաստաբանների պալատի նախագահի թեկնածուների առաջադրման ժամկետն ավարտվել է։ Երկու ճամբարի բաժանված փաստաբանական համայնքում վերջին ժամանակների սկանդալներից հետո, որքան էլ զարմանալի է, առաջադրված միակ թեկնածուն ներկայիս ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանն է։
Մինչև օգոստոսի 17-ը դեռ հույսեր կային, որ կառաջադրվի նաև նախկին նախագահ Ռուբեն Սահակյանը կամ մյուս թիմի որևէ ներկայացուցիչ, բայց՝ ապարդյուն։
Այսպիսով, միակ թեկնածու Արա Զոհրաբյանի քարոզարշավը երեկ մեկնարկել է և կտևի մինչև սեպտեմբերի 7-ը, իսկ ՓՊ նախագահի ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 9-ին։ Միակ թեկնածուից հետաքրքրվեցինք, թե ինչ ֆորմատով է պատրաստվում անցկացնել քարոզչությունը։
«Մի քանի օրից կմեկնեմ արձակուրդի և ակտիվորեն կզբաղվեմ նախընտրական քարոզչությամբ: Փաստաբաններին կներկայացնեմ նախորդ 4 տարիների վերաբերյալ կատարած աշխատանքների հաշվետվությունը, 2017-2021թթ. նախընտրական ծրագիրը, կկազմակերպեմ քննարկումներ, հանդիպումներ: Կգործի էլեկտրոնային կայք, որտեղ կներկայացվի քարոզչության ընթացքը»։
Իսկ Ձեզ չի՞ մտահոգում այն փաստը, որ միակ թեկնածուն եք։
«Իմ կողմից նախընտրական քարոզչությունը կազմակերպելու տեսակետից չի մտահոգում: Միևնույն է՝ իմ ուշադրության առարկան լինելու էր նախընտրական ծրագիրը և ոչ թե հնարավոր մրցակցի թերությունները: Լավ կլիներ, որ ընդդիմախոս գործընկերներս իրենց ծրագրերով հանդես գային, բայց եթե չեն ցանկացել, ապա ինձ մնում է միայն հարգանքով վերաբերվել իրենց այդ դիրքորոշմանը»։