Հրաչյա Հարությունյանը պատժի մնացած մասը կկրի Հայաստանում. միջնորդությունը բավարարվեց
Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատարանում այսօր քննվեց Հրաչյա Հարությունյանի պատիժը Հայաստանում կրելու հարցով ՀՀ ԱՆ ՔԿՀ-ի ներկայացրած միջնորդությունը, որը դատարանը բավարարեց։
Դատավոր Աննա Դանիբեկյանը բավարարեց միջնորդությունը: Ըստ այդմ՝ Հրաչյա Հարությունյանը պատժի մնացած մասը՝ 2 տարի ութ ամիսը կկրի Հայաստանում։
Նշենք, որ Ռուսաստանի Դաշնությունում դատապարտված Հրաչյա Հարությունյանը հուլիսի 20-ին տեղափոխվել է ՀՀ՝ «Դատապարտյալների փոխանցման մասին» 1983թ. եվրոպական կոնվենցիայով սահմանված կարգով պատժի մնացած մասը կրելու համար:
Հիշեցնենք, որ Հրաչյա Հարությունյանը ՌԴ Պոդոլսկի շրջանում ԿԱՄԱԶ մակնիշի մեքենայով բախվել էր մարդատար ավտոբուսին, ինչի հետևանքով 18 մարդ էր զոհվել:
Նա մեղավոր էր ճանաչվել ՌԴ օրենսգրքի 264 (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման խախտման) և 327 (կեղծ փաստաթղթերի պատրաստում) հոդվածներով:
ՌԴ-ում նա դատապարտվել էր 6 տարի 9 ամիս ժամկետով ազատազրկման: