Ունենք-չունենք մի 18 նախարարություն ունենք, չի լինի՞ ամսական 18 հազարական դրամ էլ նրանց տանք
Այն, որ մենք ունենք թույլ, կախյալ վիճակում գտնվող պետություն, կարծում եմ՝ գաղտնիք չէ որևէ մեկի համար: Այդ պատճառով է այն շահագործվում թե՛ դրսից, թե՛ ներսից: Բայց գոնե ներսում մի քիչ սրտացավություն լիներ: Իրադարձությունները ժամանակ առ ժամանակ ի ցույց են դնում մեր երկրի գերատեսչությունների ամուլ վիճակը: Ապրիլյան պատերազմը բացահայտեց, որ ցանկացած պահի պատերազմի սպառնալիքի տակ գտնվող Հայաստանի զինվորը, առաջին գծում կանգնած, պաշտպանական համապատասխան հանդերձանքի պակաս կզգա հենց պատերազմական իրավիճակում, որ զինտեխնիկայի անունը կա, սակայն ամանումը բենզին ու դիզվառելիք չկա, որ տանկերի մարտկոցները վաճառվել են, որ… Ոգևորվել էինք, որ, ի հեճուկս բոլոր դժվարությունների, մեր ոգին ամուր է: Ու դրանով թերևս կարողացանք կասեցնել պատերազմը: Վկան՝ օգնության մեկնող կամավորական բազմաթիվ ջոկատները, որոնց կերակրելը ևս ժողովուրդը պատրաստակամորեն վերցրեց իր ուսերին:
Պատերազմն ավարտվեց. պետությունը կորցրեց տարածքներ, զինվորն՝ իր կյանքը, լավագույն դեպքում՝ առողջությունը: Ու մնաց անտեր: Վիրավորներին արտերկիր բուժման ուղարկելու համար փող չկար, նախարարության բյուջեն չէր բավականացնում դրա համար, իսկ, օրինակ, նման դեպքերի համար բացված հիմնադրամներից մեկի՝ «Մարտիկի» անունը կար, բայց ամանումը էլի ու էլի «փող չկար»: Հաշմանդամ դարձած զինվորների առողջական խնդիրների լուծումն էլ մնաց նրանց ընտանիքների ու հասարակության վզին, ավելին՝ բանակին լրացուցիչ աջակցելու հարցն էլ՝ պարտադրված 1000-ական դրամները:
Ես միայն մի բան գիտեմ. աղքատության ու գործազրկության ճիրաններում խժռվող ժողովուրդը, որի գերակշիռ մասը ստիպված մի քանի կոպեկ է վաստակում երկրի սահմաններից դուրս, ընտանիք պահելուն զուգահեռ վճարում է նաև հարկ ու տուրք, որ պետական բյուջեն լցվի, որպեսզի մեր երկրի առջև ծառացած խնդիրները լուծենք: Բայց, միևնույնն է, մեր բյուջեն ծակ է, Դանայան տակառ է, անհույս է, թե ուր է ծորում, Աստված էլ գիտի, մենք էլ: Էլ չեմ խոսում տարեցտարի մեծացող արտաքին պարտքի մասին:
Արտակարգ իրավիճակներում լայնածավալ հրդեհի դեմ էլ ստիպված ենք պայքարել «մերկ ու բոբիկ»: Ժողովուրդ, հավարահաս ժողովուրդ, չի լինի՞՝ մի 1000-ական դրամ էլ այս նախարարության համար հավաքենք, որ արտակարգ իրավիճակներում մեզ պաշտպանել կարողանան: Եվ ընդհանրապես, ունենք-չունենք մի 18 նախարարություն ունենք, ամսական 18 հազարական դրամ էլ նրանց տանք: Եթե չտանք, կարող են իրենք պարտադրել: Մեկ է՝ մեր վզին են, մեր ճիտին պարտքն են: